22/02/2024 15:35
Հայաստանում գինեգործությունը շատ լավ տեմպերով զարգանում է. Նիկոլ Փաշինյանը՝ Ֆրանսիայում
Աշխատաքյաին այցով Ֆրանսիայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուշադրություն է հրավիրել Հայաստանում 300 դպրոց և 500 մանկապարտեզ կառուցելու ծրագրի վրա:
«Շինարարական ընկերությունները, որոնք կարող ենք հետաքրքրված լինել նման մրցույթների մասնակցելու համար, մենք նույնպես հետաքրքրված ենք: Հյուսիս-Հարավ ծրագիրը կա, որը 1 մլրդ և ավելի դոլարանոց ծրագիր է»- ասել է վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը ֆրանսիական ընկերությունների ուշադրությունն է հրավիրել «Ակադեմիական քաղաք» ծրագրի վրա: «Մենք ուզում ենք բարձրագույն կրթության ոլորտում նոր քաղաք ստեղծել, հիմնադրել: Մենք արդեն կոնկրետ աշխատանքները սկսել ենք այդ ուղղությամբ:
Պիտի արձանագրեմ, որ մշակվող արդյունաբերության ոլորտում ենք ցանկանում լուրջ ներդրումային ծրագրերով հետաքրքրվել: Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը շարունակում է մեր տնտեսության առաջատար ճյուղերից մեկը մնալ: Եվ հիմա Ֆինանսների նախարարությունը և Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը ոլորտի հետ քննարկումների մեջ են, որպեսզի տեսնենք, թե ինչով կարող ենք ավելի լավարկել ՏՏ ոլորտի օրենսդրական կարգավորումները, որպեսզի ավելի գրավիչ դարձնենք մեր երկիրն այդ իմաստով:
2023 թվականին Հայաստանի Հանրապետությունը տուրիզմի ոլորտում շատ տեսանելի առաջընթաց է արձանագրել՝ այն առումով, որ զբոսաշրջիկների ներհոսքն արդեն իսկ գերազանցել է 2019 թվականի ցուցանիշը: Հիմա Հայաստանում նաև գինեգործությունն է շատ լավ տեմպերով զարգանում, և այստեղ նույնպես, կարծում եմ, ներդրումային պոտենցիալ կա: Ջրամբարաշինության լայն ծրագիր ունենք: Մասնավորապես, այս պահին ընթացքի մեջ է 15 միջին և փոքր չափերի ջրամբարների կառուցման ծրագիրը: Սա մենք ընտրել ենք որպես ռազմավարություն»,- նշել է վարչապետը:
Հաջորդիվ քննարկվել են շինարարության, ենթակառուցվածքների զարգացման, գյուղատնտեսության, զբոսաշրջության, բարձր տեխնոլոգիաների, արդյունաբերության ոլորտներում համագործակցությանն ու ծրագրերի իրականացման հնարավորություններին վերաբերող հարցեր: Վարչապետը պատասխանել է հանդիպման մասնակից ընկերությունների հարցերին:
Նիկոլ Փաշինյանը առանձին հանդիպումներ է ունեցել նորագույն տեխնոլոգիաների ոլորտում գործող Thales , IDEMIA ընկերությունների, «Պեռնո Ռիկար», զբոսաշրջության ոլորտում գործող Societe des Troia-Valles ընկերության ղեկավարների հետ: