23/02/2024 22:00
Ինչու՞ են գարնան գալուն պես՝ սրվում սրտանոթային հիվանդությունները
Հայաստանում սրտի հիվանդություններն առավել հաճախ հանդիպողների թվում են։
Գարունը, բացի դրական էմոցիաներից, որպես կանոն, իր հետ բերում է նաև սիրտ-անոթային մի շարք խնդիրներ: Մասնավորապես, գարնան ամիսներին սրտանոթային հիվանդությունների թիվն ավելանում է 30-40 տոկոսով:
Ձմռանը օրգանիզմի դիմադրողականությունը զգալիորեն ընկնում է, ինչի հետևանքով արդեն գարնանը սրտանոթային հիվանդությունները սկսում են ակտիվանալ:
Եղանակային տատանումները նպաստում են անոթների սպազմին, ինչն, ի վերջո, կարող է հանգեցնել ինֆարկտի և ինսուլտի:
Տղամարդիկ սրտանոթային հիվանդությունների նկատմամբ խոցելի են 40, կանայք՝ 50 տարեկանից հետո։
Սիրտանոթային հիվանդության նախանշաններն են՝ ցավ կրծքավանդակում, որը հաճախ կապված է լինում ֆիզիկական լարվածության հետ, ուղեկցվում է սառը քրտինքով, հևոց, գիտակցության մթագնում։ Այն անձինք, ովքեր ծխում են, ապրում են սթրեսային կյանքով, ֆիզիկապես ակտիվ չեն, ունեն ավելորդ քաշ, կարող են ձեռք բերել հիպերտոնիա, սիրտ-անոթային հիվանդություններ։
Ստեղծված իրավիճակում օրգանիզմի դիմադրողականությունը վերականգնելու համար անհրաժեշտ է ավելի շատ օգտագործել միրգ և բանջարեղեն, նվազեցնել ճարպոտ սննդի օգտագործումը և բացառել ծխելը։
Աշխարհի բոլոր սրտաբանները սիրտանոթային խնդիրներ ունեցող անձանց խորհուրդ են տալիս շփվել առավելապես դրական աուրայով մարդկանց հետ։
Սրտանոթային խնդիր ունեցողներին՝ անկախ սրացումներից, խորհուրդ է տրվում պարբերաբար դիմել մասնագետի և անցնել անհրաժեշտ հետազոտություն։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն