23/02/2024 18:15
«Հստակ բացատրություն ենք ակնկալում՝ ինչ են նշանակում ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցությունը «սառեցնելու» մասին ՀՀ վարչապետի խոսքերը»․ ՌԴ ԱԳՆ-ն անընդունելի է որակում Փաշինյանի մեղադրանքները
Անընդունելի են հայկական իշխանությունների մեղադրանքները՝ ուղղված ՀԱՊԿ-ին՝ իր մանդատը և Երևանի նկատմամբ ունեցած իր պարտավորությունները չկատարելու վերաբերյալ, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարությունը՝ արձագանքելով France 24-ին տված հարցազրույցում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե Հայաստանը «սառեցրել» է իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին։
ՏԱՍՍ-ին տված մեկնաբանությունում ՌԴ ԱԳՆ-ից նշել են նաև․ «Երկկողմ խողովակներով հստակ բացատրություններ ենք ակնկալում, թե ինչ են նշանակում ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցությունը «սառեցնելու» մասին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերը։
Հայաստանը ցուցադրաբար նախընտրեց ՀԱՊԿ առաքելության փոխարեն Եվրամիությունից պսևդոդիտորդներ հրավիրել. փաստերն իրենք են իրենց մասին խոսում և կասկած չեն թողնում, որ այդ դիտորդների աշխատանքը զրոյական արդյունավետություն ունի»,- նշել են ՌԴ ԱԳՆ-ից։
Մեկնաբանության համաձայն՝ հայկական կողմը մինչ այս կեղծ պատրվակներով հրաժարվել է ՀԱՊԿ-ի կողմից ռազմատեխնիկական օգնության տրամադրումից և մի շարք այլ միջոցառումներից, ինչը բոլորովին էլ ՀԱՊԿ-ի մեղքը չի հանդիսանում։
«Ելնում ենք նրանից, որ Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի լիիրավ անդամ և հույս է հայտնում, որ Երևանը կնախընտրի լուծել մտահոգությունները վստահելի երկխոսության միջոցով»,- նշել են ՌԴ ԱԳ նախարարությունից։