23/02/2024 15:16
Արտագնա աշխատանքի մեկնողներ, դուք այսուհետ երթևեկեք չոլերով, որովհետև պետբյուջեից կառուցած ճանապարհները ձեզ համար չեն․ սա էր Նիկոլի ասածը
ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․ «Թարգմանենք «նիկոլերենից»` նորմալ հայերեն:
Ուրեմն՝ արտագնա աշխատանքի մեկնող սիրելի՛ հայրենակիցներ, դուք այսուհետ երթևեկեք չոլերով ու հանդամիջյան ճանապարհներով, որովհետև պետական բյուջեից կառուցած ճանապարհները ձեզ համար չեն:
Նույն տրամաբանությամբ, ձերոնք երևի թե Հայաստանում դպրոց և մանկապարտեզ չհաճախեն: Ոստիկանությունը պարտավոր չի ձեզ պաշտպանել տարբեր ոտնձգություններից: Բանակը պարտավոր չի ձեզ պաշտպանել արտաքին թշնամուց: ՀՀ հյուպատոսական ծառայությունները պարտավոր չեն ձեր քաղաքացիական շահերը պաշտպանել օտար երկրներում և այլն:
Կարևոր չէ, որ տարիներ շարունակ դուք դրսից հսկայական միջոցներ (տրանսֆերներ) եք բերել Հայաստան ու այն շրջանառել ներքին տնտեսության մեջ, լուծել բազմաթիվ սոցիալական խնդիրներ: Ոչինչ, որ հայկական սփյուռքի հետ մեկտեղ, պատերազմի օրերին աջակցել եք, ինչով կարող էիք:
Նիկոլի համար պրոբլեմն այն է, որ դուք չեք ենթարկվում իրեն ու համարձակվել եք բողոքի ձայն բարձրացնել:
Իսկ զավեշտալին այն է, որ Նիկոլը ձեր Նիկոլն է: Դուք եք նրան դարձրել ձեր գլխին ոչ միայն հարկահավաք, այլ նաև համազգային փորձանք: Ինքը հանձնել է Արցախը, ինքնագլուխ ճանաչել է Արցախն Ադրբեջանի մաս, Ադրբեջանին է թողել հայ ժողովրդի միլիարդավոր դոլարների հանգանակած ներդրումներն ու բազմաթիվ բիզնես ծրագրերը, և հիմա մուննաթ է գալիս ձեզ վրա:
Հետևություններն արեք ինքներդ: Բա Սնուփ Դոգ ա, ինչ ա․ դրա փողերն ո՞վ պետք ա տա»: