23/02/2024 21:16
Ի վերջո, փորձե՞լ են արդյոք սպանել Ռոման Բաղդասարյանին Երևանում և Շարմ Էլ Շեյխում
Բլոգեր Ռոման Բաղդասարյանը տուժող է ճանաչվել՝ իր նկատմամբ իբրև սպառնալիքների վերաբերյալ վարույթով։
Հիշեցնենք, որ Բաղդասարյանը հաղորդում է ներկայացրել՝ հայտարարելով, թե իբրև իրեն փորձել են սպանել Երևանում և Շարմ Էլ Շեյխում։ Նա հայտարարել էր, թե փետրվարի 16-ին Հովսեփ Էմին փողոցում, ավտոմեքենայում գտնվելու ընթացքում, երբ անհայտ անձը բացել է ավտոմեքենայի դուռը, մի քանի հարված հասցրել, ապա դանակով փորձել հարվածել նրան։
ՀՀ ՔԿ-ից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնել են, որ Ռոման Բաղդասարյանի ներկայացրած հաղորդման հիման վրա 2024թ․ փետրվարի 16-ին ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 194-րդ հոդվածի 1-ին մասի (Սպանության, առողջությանը վնաս պատճառելու, խոշտանգման, սեռական ազատության կամ անձեռնմխելիության դեմ ուղղված հանցանք կատարելու, առևանգելու, ազատությունից ապօրինի զրկելու կամ խոշոր կամ առանձնապես խոշոր չափի գույք ոչնչացնելու սպառնալիքը, եթե այդ սպառնալիքն իրականացնելու իրական վտանգ է եղել, ինչպես նաև սոցիալական մեկուսացումը կամ պարբերաբար պատիվն ու արժանապատվությունը նվաստացնելը) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ Ռոման Բաղդասարյանը ճանաչվել է տուժող։ «Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում հանցավոր արարքն առերևույթ կատարած անձին հայտնաբերելու, ինքնությունը պարզելու ուղղությամբ։ Այդ, ինչպես նաև քննությանը հետաքրքրող այլ տվյալներ ձեռք բերելու նպատակով Ոստիկանությանը տրվել է համապատասխան հանձնարարություն։
Նախաքննության շրջանակներում քննության առարկա են Բաղդասարյանի կողմից հաղորդմամբ նշված բոլոր, այդ թվում նաև Եգիպտոսում իր նկատմամբ առերևույթ ոտնձգության վերաբերյալ տվյալները»,- նշել են ՔԿ-ից։