23/02/2024 20:58
Զելենսկին մարտին կգա Հայաստան․ Factor.am
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին առաջիկայում կայցելի Հայաստան, գրել է Factor․am-ը՝ հավելելով, որ հավաստի տեղեկություններ ունի։
«Մեր հավաստի աղբյուրի փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահի այցը Հայաստան այս պահին պատրաստվում է, սակայն այցի ժամկետը վերջնականապես հաստատված չէ։ Ուկրաինական կողմի հետ ժամկետի մասին բանակցություն է ընթանում։ Սպասվում է, որ Վոլոդիմիր Զելենսկին Երևանում կլինի մարտ ամսին։ Հայաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Լոբաչ Վալերին այսօր չի հերքել այս տեղեկությունը։ Նրան նախ հարց է տրվել՝ ռուս-ուկրաինական պատերազմի հավանական ազդեցության մասին Հարավային Կովկասում, որին դիվանագետը պատասխանել է․ «Իրականում այս պահին շատ բան կա ասելու, բայց դեռևս չեմ կարող ոչինչ ասել։ Մի քանի օր հետո դուք ինքներդ կլսեք նորություններ, կիմանաք, թե ինչ է կատարվելու։ Ես իմ կողմից կասեմ, որ Ուկրաինան պատրաստ է աջակցել Հայաստանին։ Փակագծերը չբացելով․․․ կտեսնեք մի քանի օր անց։ Ամեն դեպքում, մեր երկիրը կանի ամեն ինչ՝ տարածաշրջանի կարգավորման, կայունացման համար»։ Լրագրողի հարցին՝ արդյոք նա ակնարկում է Ուկրաինայի նախագահի հավանական ա՞յցը, Լոբաչ Վալերին պատասխանել է․ «Ես կարող եմ միայն այն ասել, որ գարունը շատ պոզիտիվ իրադարձություններ կբերի Հայաստանին»»,- նշված է հրապարակման մեջ։