23/02/2024 17:14
«ՀԱՊԿ-ի մասին հայտարարությունը սադրանք եմ որակում․ բովանդակությամբ շատ նման է «Արցախը Հայաստան է, և վերջ» հայտնի հայտարարությանը»․ Ռազմական փորձագետ
Ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը 168.am-ի հետ զրույցում արձագանքել է ՀԱՊԿ-ի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի՝ «France 24» հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ արած վերջին հայտարարությանը, թե Հայաստանը «սառեցրել» է իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին։
Ռազմական փորձագետի գնահատմամբ՝ Նիկոլ Փաշինյանը ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները սառեցնում է Հայաստանի համար ամենավտանգավոր պահին՝ վերացնելով այն հնարավորությունը, որը պետականակենտրոն իշխանությունը իրականում կարող էր օգտագործել սեփական երկրի համար։
«Այդ հայտարարությունը ես սադրանք եմ որակում, նա սրում է իրավիճակը՝ կտրուկ հայտարարություններ անելով, որին չեն հետևում երկիրը պաշտպանելու արդյունավետ քայլեր։ Այս ամենն իր բովանդակությամբ շատ նման է «Արցախը Հայաստան է, և վերջ» հայտնի հայտարարությանը, որն արվեց 2019 թվականին Ստեփանակերտի «Վերածննդի» հրապարակում»,- ասել է ռազմական փորձագետը։
Հարցին՝ արդյոք տեղի՞ն չեն հանրության մեջ շրջանառվող կարծիքները, որ 2022 թվականի սեպտեմբերյան ագրեսիայի ժամանակ ՀԱՊԿ-ից օգնություն չեղավ, իսկ Արցախը հայաթափվեց ռուս խաղաղապահների ներկայությամբ, հետևաբար՝ նման հայտարարությունը սպասելի էր, Դավիթ Ջամալյանը պատասխանել է, որ ՀՀ օրվա իշխանությունների գերնպատակը Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների խզումն է, Հայաստանը Ռուսաստանից հեռացնելը, քանի որ իշխանության են բերվել հենց այդ նպատակով։
«Բնականաբար, այս իրավաքաղաքական ինֆորմացիոն մեծ դավադրությունը մեր պետականության դեմ պետք է նաև հստակ իր քարոզչական կոմպոնենտն ունենա։ Նախ՝ Արցախի մասով․ որպեսզի այնտեղ ռուս խաղաղապահներն ունենային անհրաժեշտ քանակի ներուժ ադրբեջանական ագրեսիային դիմակայելու համար, պետք է ստեղծեին դրա հնարավորությունը։ Այնպես պետք է անեին, որպեսզի ռուսական ներուժն Արցախում ավելանար, ռուսական զինուժի ձևաչափը կարող էր արագ փոփոխվել։ Բայց ի՞նչ է արել ՀՀ իշխանությունը․ արել է հնարավորը, որպեսզի ռուս խաղաղապահների ներուժն Արցախում չավելանա։ Հիշեցնեմ, Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ Ադրբեջանը վտանգ է տեսնում ռուսական բանակի կողմից, հետևաբար՝ ռուսական ներկայությունը Հայաստանի համար վտանգավոր է։ Հիմա, եթե թույլ չեն տալիս, որ Արցախում ավելանա ռուսական ներուժը, ավելին՝ ագրեսիայի պահին՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին, երկու անգամ մերժում են Իրանում գտնվող ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ հանդիպումը։ Այս մասին բազմիցս ասվել է ։ Մեր այն հայրենակիցները, որոնք գտնվում են հակառուսական քարոզչության մեջ կամ դրա թիրախում, ուղղակի պետք է տեղեկացված լինեն»,- նշել է Դավիթ Ջամալյանը։
Այս համատեքստում նա ընդգծել է՝ Ռուսաստանն այդ պահին արել է հնարավորը, որպեսզի իրավիճակն Արցախում կայունանա, բացի այդ, ռուս խաղաղապահները մինչև 2025 թվականը գտվելու են Արցախում, ինչը նշանակում է, որ դեռ շատ բան կարող է փոխվել։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում