23/02/2024 11:20
Եթե Հայաստանը կարիքն ունենա, կարճ, միջին և այլ հեռահարության հրթիռները նույնպես կդրվեն ձեր տրամադրության ներքո. Ֆրանսիայի ԶՈՒ նախարար (Տեսանյութ)
Որևէ մեկը չի կարող քննադատել Հայաստանի բանակին՝ իր պաշտպանության ունակություններն ուժեղացնելու համար, այս մասին Երևանում հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեց Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիան Լըկորնյուն։
«Շատ չխորանամ, թե ինչ սարքավորումներ են գալու Հայաստան, բայց բոլորն էլ պաշտպանական նշանակության են, որովհետև այս տարածաշրջանում առաջնահերթ է և՛ բնակչության, և՛ սահմանների պաշտպանությունը:
ՀՕՊ-երի մասին նույնպես ասեմ, եթե Հայաստանը կարիքն ունենա, կարճ, միջին և այլ հեռահարության հրթիռները նույնպես կդրվեն ձեր տրամադրության ներքո»,-ասաց Ֆրանսիայի ԶՈւ նախարարը։
Ֆրանսիացի նախարարն ասաց, թե այս պահին առաջնահերթություն է սպառազինության ձեռքբերումը և վերապատրաստումն այդ ամենը կիրառելու համար:
«Չենք կարող խոսել սահմանների պաշտպանության մասին, առանց որոշակի վերահսկողական նյութերի։ Ամեն անգամ օպերատիվ կարիքներից ենք ելնելու, որը կարտահայտվի մեր հայ գործընկերների կողմից։ Եվ մենք համապատասխան առաջարկներ կանենք ըստ այդ կարիքների՝ լինի սպառազինություն, թե վերապատրաստում՝ պաշտպանական նպատակներով»,-ասաց Սեբաստիան Լըկորնյուն։