23/02/2024 10:45
Հայ-հնդկական երկխոսության շրջանակում քննարկվել են նաև վերականգնվող էներգիայի ու ենթակառուցվածքների ոլորտներում համագործակցության հնարավորությունները
Դելիում 2024 թ. փետրվարի 21-ին մեկնարկած «Ռաիսինա երկխոսություն 2024» Հնդկաստանի ամենահեղինակավոր միջազգային կոնֆերանսն իր աշխատանքները սկսել է «Հայ-հնդկական երկխոսություն» նիստով, որը կազմակերպել էին «Observer Research Foundation» (ORF) և ԱՊՐԻ Արմենիա վերլուծական կենտրոնները:
«ԱՊՐԻ Արմենիա» հիմնադրամց տեղեկացնում են, որ «Հայ-հնդկական երկխոսություն» նիստում բացման խոսքով հանդես են եկել ԱՊՐԻ Արմենիայի նախագահ Լարա Սեդրակյանը և ORF-ի նախագահ՝ Սանջոյ Ջոշին։ Բացման արարողության ժամանակ հիմնական զեկուցմամբ հանդես է եկել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։
Իր խոսքում Լարա Սեդրակյանն անդրադարձ է կատարել այն քայլերին, որոնք նպատակ ունեն որակական նոր մակարդակի հասցնել Հայաստանի և Հնդկաստանի միջև ռազմավարական գործընկերությունը՝ հիմնվելով ինչպես բազմադարյա քաղաքակրթական և մշակութային կապերի, այնպես էլ տնտեսության, անվտանգության և տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության վրա։
Սանջոյ Ջոշին ողջունել է հայ-հնդկական հարաբերությունների զարգացմանը միտված քայլերը՝ շեշտելով, որ երկու երկրների միջև քաղաքակրթական, մշակութային կապերը և ժամանակակից շփումները հարաբերությունների ամրապնդման հիմք են դարձել։ Նա անդրադարձել է նաև Հայաստանի և Հնդկաստանի միջև բազմակողմ համագործակցության հեռանկարներին՝ մասնավորապես Հայաստան – Հնդկաստան – Ֆրանսիա կապերին։ Ամփոփելով ելույթը, Ջոշին շեշտել է, որ հարաբերությունների զարգացման հաջորդ կանգառը պետք է լինի Հայաստանի և Հնդկաստանի միջև համատեղ ստարտափերի ձևավորումը՝ տվյալների կառավարման և տեխնոլոգիաների ոլորտում:
ՀՀ ԱՍՀ նախարարն անդրադարձել է երկու պետությունների միջև համագործակցության օրակարգին, որն իր մեջ ներառում է սոցիալական պաշտպանությունը, աշխատանքային կարգավորումները, մշակութային փոխանակումը, արհեստական բանականության օգտագործումը սոցիալական ապահովության համակարգի բարելավման գործում։
Բացման արարողությանը հաջորդել են երկու պանելային քննարկումներ։ «Հնդկաստան-Հայաստան աշխարահառազմավարական համագործակցություն. Անվտանգությունից պաշտպանություն» պանելային քննարկման ժամանակ ելույթ ունեցողները ներկայացրել են աշխարհաքաղաքական իրավիճակը Հարավային Կովկասում։ Խոսվել է նաև պաշտպանության, դիվանագիտության և մշակույթի ոլորտներում Հայ-հնդկական հարաբերությունների ազդեցության մասին։
Հաջորդ պանելային քննարկման խորագիրն էր «Ձևավորելով նոր աշխարհատնտեսական հարթակ. տեխնոլոգիա, էներգիա, կապեր»։ Մասնավոր և ակադեմիական շրջանակներ ներկայացնող զեկուցողները քննարկել են համագործակցության հնարավորությունները արհեստական բանականության, տեխնոլոգիաների, վերականգնվող էներգիայի, առևտրի, ենթակառուցվածքների և թվային կերպափոխումների ոլորտներում։
Նշվում է, որ «Հայ-հնդկական երկխոսությունը» հնարավորություն է ստեղծել հնդկական կողմին ավելի լավ հասկանալու Հայաստանի հետ փոխգործակցության հնարավորությունները։ Այն ևս մեկ անգամ հաստատել է, որ Հայաստանը և Հնդկաստանը կարևոր գործընկերներ են միմյանց համար տարբեր ոլորտներում։
Նշվել է, որ Հայաստանի և Հնդկաստանի ռազմավարական շահերը համընկնում են տարածաշրջանում կայունություն հաստատելու հարցում։ Կարևորվել են նաև համագործակցությունը ռազմարդյունաբերության ոլորտում, այդ թվում՝ մասնավոր կազմակերպությունների միջև։ Խոսվել է նաև Հայաստան-Հնդկաստան ռազմավարական գործընկերություն ձևավորելու անհրաժեշտության մասին, որն ավելի համապարփակ կդարձնի երկկողմ հարաբերությունները։