23/02/2024 13:52
Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթիի հետ
Աշխատանքային այցով Հնդկաստանում գտնվող Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Խաղաղության Նոբելյան մրցանակակիր, «Քայլաշ Սաթյարթիի մանկական հիմնադրամի» տնօրեն Քայլաշ Սաթյարթիի հետ։
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացվող աշխատանքներին, առկա մարտահրավերներին, մասնավորապես՝ նախանշելով երեխաների աշխատանքային շահագործման երևույթի դեմ պայքարի ուղղությամբ համագործակցության հնարավորությունները։
Ներկայացնելով երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում ՀՀ կառավարության քաղաքականությունը՝ նախարար Նարեկ Մկրտչյանը նշել է, որ պետության առաջնահերթություններից է յուրաքանչյուր երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի լիարժեք իրացումն ու լավագույն շահի ապահովումը։ Վերջինս նշել է, որ 2023 թ․ Հայաստանում առաջին անգամ տեղի է ունեցել խնամատարության ինստիտուտի զարգացման վերաբերյալ տարածաշրջանային համաժողով, որի շրջանակում ոլորտային միջազգային և տեղական մասնագետների հետ քննարկվել են նաև ոլորտի հիմնախնդիրները։ Նախարարը Քայլաշ Սաթյարթիին առաջարկել է ստեղծել համատեղ հարթակ, որը հնարավորություն կտա գործնական քայլեր իրականացնել երեխաների աշխատանքային շահագործման երևույթի կանխարգելման և պայքարի ուղղությամբ։
Նարեկ Մկրտչյանը նաև անդրադարձել է Հայաստանում առաջին անգամ անցկացված աշխատանքի միջազգային համաժողովին և այդ համատեքստում խոսել ԱՄԿ գլխավոր տնօրենի նախաձեռնած Սոցիալական արդարության համաշխարհային կոալիցիային ՀՀ անդամակցության մասին: Նախարարն առաջարկել է երեխաների աշխատանքային շահագործման դեմ պայքարի ուղղությամբ համատեղ աշխատանքներ իրականացնել նաև սոցիալական արդարության շրջանակում։
Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթին ևս կարևորել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում առկա խնդիրների ուղղությամբ ջանքերի համատեղումը․ նա առաջարկել է երկկողմ համագործակցությունը զարգացնել, մասնավորապես՝ սոցիալական արդարության, կարեկցանքի գաղափարի դրսևորման համատեքստում, ինչպես նաև նաև երեխայակենտրոն համայնքների գաղափարի ստեղծման ու զարգացման շրջանակում։
Նախարար Մկրտչյանը ևս ընդգծել է համագործակցության պատրաստակամության մասին ու Քայլաշ Սաթյարթիին հրավիրել Հայաստան՝ նախատեսվող ուղղությամբ ավելի հստակ պայմանավորվածություն ձեռք բերելու համար։ Խաղաղության Նոբելյան մրցանակակիրը, բարձր գնահատելով Նարեկ Մկրտչյանի մի շարք նախաձեռնությունները կարեկցանքի գաղափարի համաշխարհայնացման գործում, նախարարին պարգևատրել է Երախտիքի բարձր մեդալով։