23/02/2024 11:40
Վերահաստատում եմ Ձեզ ուղղված՝ Հայաստան այցելելու հրավերս. Փաշինյանը՝ Ճապոնիայի վարչապետին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիշիդային՝ ազգային տոնի առթիվ: Ուղերձում նշված է.«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Ճապոնիայի ազգային տոնի՝ Նորին Մեծություն Ճապոնիայի Կայսեր ծննդյան օրվա կապակցությամբ:
Դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր՝ Հայաստանի և Ճապոնիայի միջև ձևավորվել են ժողովրդավարական արժեքների, փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված բարեկամական հարաբերություններ:
Ներկայում Հարավային Կովկասում և աշխարհում առկա բազում մարտահրավերների և սպառնալիքների պայմաններում Հայաստանը մեծապես կարևորում է Ճապոնիայի հետ գործընկերային հարաբերությունների հետագա խորացումն ու ընդլայնումը՝ բարձր գնահատելով Ճապոնիայի կողմից Հայաստանի տարբեր ոլորտների զարգացմանն ուղղված բազմակողմանի աջակցությունը: Այս կապակցությամբ վերահաստատում եմ Ձեզ ուղղված՝ Հայաստան այցելելու հրավերս՝ երկկողմ միջպետական հարաբերություններն ամրապնդելու հետ կապված հարցերը քննարկելու նպատակով:
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և նորանոր հաջողություններ, իսկ Ճապոնիայի բարեկամ ժողովրդին՝ բարեկեցություն և ամենայն բարիք»: