23/02/2024 23:01
Եթե մենք Ռուսաստանի դեմ կիրառվող սանկցիաները չպահպանենք, դա կազդի մեր հարաբերությունների վրա այն երկրների հետ, որոնք այդ սանկցիաները կիրառում են․ Փաշինյան
«Արևմուտքի կողմից Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցներին միանալ-չմիանալու ռեժիմ մենք չունենք, բայց մյուս կողմից՝ մենք հաշվի ենք նստում առկա պատժամիջոցների հետ»,- France 24-ին տված հարցազրույցում ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ եթե Հայաստանն այդ պատժամիջոցների հետ հաշվի չնստի, դա բացասաբար կանդրադառնա արևմտյան պետությունների հետ հարաբերությունների վրա, որոնք էլ կիրառում են այդ պատժամիջոցները։
«Ոչ թե մեզ ճնշում են կամ մեզնից պահանջում են, այլ եթե մենք սանկցիաները չպահենք, չպահպանենք, դա կազդի մեր հարաբերությունների վրա այն երկրների հետ, որոնք այդ սանկցիաները կիրառում են: Իսկ այդ երկրների հետ հարաբերությունները կարևոր են»,- ասել է Փաշինյանը:
Նա արձագանքել է նաև ԵՄ-ից հնչող քննադատություններին, որ Հայաստանը խախտում է պատժամիջոցների ռեժիմը։
«Եվրամիությունում ժամանակ առ ժամանակ հնչում են մեղադրանքներ, թե Հայաստանը պատժամիջոցները չի պահպանում, որ Հայաստանը պատժամիջոցների ռեժիմը խախտում է, բայց կարող եմ ասել, որ մենք այս ընթացքում, վերջին անգամ 2023 թվականին մի քանի անգամ պատվիրակություններ ենք ունեցել Եվրամիությունից և Միացյալ Նահանգներից, որոնց այցելության նպատակը հետևյալն է եղել, թե ինչքանով է Հայաստանի Հանրապետությունը հավատարիմ իր միջազգային հարաբերություններին և պարտավորություններին, ինչպես է հարաբերվում այդ սանկցիաների հետ: Եվ պետք է արձանագրենք, որ ո՛չ Եվրամիությունը, ո՛չ Ամերիկայի Միացյալ Նահանգները մեր նկատմամբ որևէ վերապահում չեն ներկայացրել: Ընդհակառակը՝ պաշտոնապես արձանագրել են, որ սանկցիաների համատեքստում Հայաստանի Հանրապետության նկատմամբ ոչ մի վերապահում չունեն»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: