23/02/2024 12:16
ՀՀ-ն իրավասու է որոշել՝ ում հետ և ինչ աստիճանի համագործակցություն ունենա. որևէ գործընկերոջ, որևէ բարեկամի համար մենք զենք չենք գնում. Պապիկյան
ՀՀ-ն իրավասու է որոշել՝ ում հետ և ինչ աստիճանի համագործակցություն ունենա. սա բխում է Հայաստանի ժողովրդի և պետականության շահերից, ֆրանսիայի գործընկերոջ հետ համատեղ մամուլի ասուլիսին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ ի պատասխան հարցի, թե հայ-ֆրանսիական հարաբերությունների խորացումը չի՞ հակադրվում արդյոք ՌԴ-ի և ՀԱՊԿ-ի հետ պարտավորություններին։
«Մենք այս հարցում շատ հստակ ենք, պարզ ու անթաքույց»,- ասաց Պապիկյանը։
Անդրադառնալով Իրանի հետ հարաբերություններին՝ Պապիկյանն ասաց, թե հայ-ֆրանսիական համագործակցությունը հանուն ՀՀ-ի է և որևէ մեկի դեմ չէ:
«Մեր իրավունքն է համագործակցել և՛ Ֆրանսիայի, և՛ Իրանի հետ, և դա ի գիտություն պետք է լինի բոլորին: Մեր ֆրանսիացի գործընկերները հարգում են համագործակցությունն այդ գործընկերների հետ, իրանցի գործընկերները հարգում են այդ համագործակցությունը և, կարծում եմ, նույնը պետք է անեն մեր ռուսաստանցի գործընկերները: ՀՀ-ն չունի տաբուներ համագործակցելու ի շահ ՀՀ-ի։ Սա որևէ երկրի դեմ ուղղված չէ, որևէ մեկը չպետք է մտահոգվի»,-ասաց Պապիկյանը։
Պաշտպանության նախարարն ասաց, թե ՀՀ ՀՕՊ համալրումը ՀՀ սեփական հակաօդային պաշտպանություն ունենալու մասին է.
«Որևէ գործընկերոջ, որևէ բարեկամի համար մենք զենք չենք գնում»։