23/02/2024 15:21
«Դեղ չկար, կապ չկար, ուտելու փշուր չունեինք». Արցախից բռնի տեղահնված 3 ընտանիքի 3 պատմություն․ Լուսանկարներ
Տեղահանման երկար ու բարդ ճանապարհը
ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստանը պատմում է Արցախից բռնի տեղահնված երեք ընտանիքի երեք պատմություն՝ Հայաստան հասնելու դժվար ճանապարհի, հույզերի ու առաջնային կարիքների մասին՝ հիշեցնելով, որ 2023 թվականի սեպտեմբերին ռազմական գործողությունների սրման հետևանքով ավելի քան 30,000 երեխա և նրանց ընտանիքները ստիպված եղան փախչել Հայաստան։
«Այս ամիսներին փորձում են նոր կյանք սկսել՝ անդրադառնալով իրենց անցած ճանապարհին»,-նշվում է հոդվածում:
Արմինեի հին ու նոր հայրենիքը
Արմինեն, ամուսնու՝ Գագիկի ու 5 երեխաների հետ հաստատվել է Հայաստանում. պարզ հիշում է տեղահանման բարդ ճանապարհը:
«Երկու օր՝ նկուղում, 2-3 օր՝ այս ու այնտեղ, քանի որ տուն վերադառնալ չէր կարելի ու ճանապարհ ընկանք: Սեպտեմբերի 25-ն իմ ծննդյան օրն էր: Նայեցի շարասյան մեջ կանգնած անթիվ մեքենաներին, մարդկանց ու մտածեցի՝ իմ ծնունդին դեռ էսքան մարդ չէր հավաքվել:
Հաստատվել ենք Վանաձորում: Այս շենքի առաջին հարկում բնակարաններ է վարձակալում տեղահանված 4 ընտանիք: Մենք նրանցից մեկն ենք: Մեկ-մեկ կատակով ասում ենք՝ փոքրիկ հայրենիք ենք ստեղծել: Դա շատ է օգնում:
«Լոռեցիները մեզ շատ ջերմ ընդունեցին: Մեր այստեղ գալու առաջին օրերին հարևանները գումար էին հավաքել ու բոլորիս համար կենցաղային առաջին անհրաժեշտության պարագաներ էին գնել: Կենցաղային մակարդակում շատ հարցեր արդեն լուծված են, բայց խնդիրներ դեռ ունենք, ամենամեծը աշխատանք գտնելն է: Ամուսինս մտածում է արտագնա աշխատանքի մեկնելու մասին: Մի անգամ դրա մասին խոսեց Արմանի ներկայությամբ, ու պետք էր տեսնել փոքրիկի ռեակցիան: Նա կանգնեց ու մեծ մարդու պես հայտարարեց՝ կա՛մ կգնանք բոլորս միասին, կա՛մ դու, պապա, ոչ մի տեղ չես գնա: Մի անգամ արդեն հայրիկին թողել-հեռացել ենք տնից, հիմա բոլորս ենք մեր տնից հեռու, ի՞նչ իմանամ, թե ինչի մասին է մտածում, գուցե վախենում է, որ հաջորդ բաժանումը կլինի վերջինը», - պատմեց Արմինեն:
Էվելինայի եռօրյա ճանապարհը՝ երեք տարբեր մեքենաներով
Էվելինա Մելքումյանը սկեսույրի՝ տիկին Գուլնարայի ու իր երեք երեխաների՝ տասնամյա Եվայի, ութամյա Ելենայի ու երեքամյա Հրաչի հետ հաստատվել է Հայաստանի հյուսիսում՝ Իջևան քաղաքում: Ամուսինը՝ Արթուրը, մահացել է: Հայաստան հասնելը նրանց համար դժվար էր. մեքենա չկար, վարող չկար:
«Նստեցինք հարևանի մեքենան: Սև օրվա համար մի քանի լիտր բենզին էի պահել, տվեցի նրան ու ասեցի, որ նախ պետք է տղայիս գտնենք, պարտեզում էր, երբ ամեն ինչ սկսվեց: Համաձայնեց: Մի քիչ քշում էր ու կանգնում, իսկ ես ձայն էի տալիս՝ Հրաչիկ, Հրաչիկ: Էդպես առաջ էինք գնում, մինչև հասանք հարևան գյուղ, որտեղ էլ իմացա, որ մեր մանակապարտեզի երեխաները գյուղի նկուղներից մեկում են: Տեսա Հրաչիկիս, գրկեցի և ուժասպառ եղա: Զգում էի, որ չեմ կարողանա բարձրացնել նրան ու հասնել մեքենային: Մի քանի վայրկյան էդպես մնացինք՝ ես Հրաչիկիս գրկած:
Չգիտեմ ոնց՝ հասանք Հայաստան: Ազգականներից մեկի մեքենայում 1 ազատ տեղ կար՝ նստեցրինք սկեսուրիս: Ամուսնուս եղբոր մեքենայում էլ տեղ կար: Աղջիկներիս ասեցի, որ պետք է երկուսով տեղավորվեն: Լացում էին, չէին ուզում առանց ինձ գնալ: Համոզեցի: Ես ու տղաս էլ սկզբում մեկի մեքենայով, հետո մեկ ուրիշի՝ կամաց-կամաց առաջ շարժվեցինք: Երեք օր հետո բոլորս հանդիպեցինք Գորիսում:
Մեր տեսածից ու ապրածից հետո շատ դժվար ա հավատալ արդարությանը: Երբեմն մտածում եմ, ճնշվում, հետո նայում եմ մեր 3 երեխաներին ու ինքս ինձ ասում եմ՝ Էվելինա, քեզ թափ տուր, դու պիտի հավատաս, որ քո երեխեքն էլ հավատան», - պատմեց Էվելինան:
Ողբերգությունն ու Վազգենի լռությունը
«Ճանապարհ ընկանք ես, կինս, մեր 4 երեխաներն ու զոքանչս: Կես ճանապարհին մեքենաս փչացավ: Մնացինք ճանապարհի մեջտեղում՝ մութ, անձրև: Անհույս կանգնել էի, մի մարդ մոտեցավ, հարցրեց ավտո քշո՞ւմ եմ, ասեցի՝ հա: Երկու ավտո ուներ, մեկը քշող չկար:
Պայմանավորվեցինք՝ ես կքշեմ բուդկա մոսկվիչը, ինքը՝ ջիպը: Եկանք-հասանք իմ ավտոյին, ընտանիքս տեղավորվեց իրա մեքենայում, իսկ ես մնացի մենակ, որովհետև մոսկվիչի տոռմուզները համարյա չէին աշխատում, վտանգավոր էր:
Ճանապարհին երեխեքը հիվանդացան: Դեղ չկար, կապ չկար, աշխարհից կտրված էինք: Ուտելու փշուր չունեինք. երեխեքը սովից լացում էին: Էդ ձայներից մեզ մի կին մոտեցավ՝ ձեռքին հաց: Պարզվեց՝ հետն ալյուր էր վերցրել, խցանման մեջ կանգնած կրակ էր արել ու թխել:
Երեք օր հետո հասանք Գորիս, վերջապես միացա մեր բարեկամներին, ուզում էի իմանալ՝ ով որտեղ ա, ոնց են: Ինձ ասում են՝ հորիցդ լուր չունե՞ս, ասում եմ՝ չէ, ի՞նչ ա եղել, թե բա՝ գնացել էր բենզինի, պահեստը պայթել ա... », - պատմեց Գուրգենը:
Երեք օր շարունակ Գուրգենի որդին ոչ մի բառ չի ասել ճանապարհին: Դուստրը՝ տասնամյա Կարինեն ասաց, որ Բերքաբեր գյուղում տուն են հատկացրել: «Պապաս ռեմոնտ ա անում: Ստեղ շատ սիրուն ա, դպրոցում էլ լավ ա, բայց ես անընդհատ կարոտում եմ մեր տունը, ընկերներիս, հեծանիվս, շանս՝ Տոպանին ու ռիժի կատվիս. անուն չէի տվել, ասում էի Կատու»:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։