23/02/2024 13:00
Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերություններում էական առաջընթաց ապահովել չի հաջողվել. ՀՀ կառավարություն
Գլոբալ անկայունության պայմաններում Հայաստանի անվտանգային միջավայրը շարունակել է ձևափոխվել, անվտանգային մեխանիզմները, որոնց ավանդաբար ապավինել է Հայաստանը, հերթական անգամ ի ցույց են դրել իրենց անարդյունավետությունը, այս մասին նշված է ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026թթ) 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցում։
2023 թվականի ընթացքում անվտանգային ոլորտի հարաբերություններ են ձևավորվել և զարգացել Վրաստանի, Ֆրանսիայի, Իրանի, Հնդկաստանի, ԱՄՆ-ի, ԵՄ-ի հետ: 2023 թվականի փետրվարից ԵՄ-ն երկարաժամկետ քաղաքացիական առաքելություն է տեղակայել Հայաստանի և Ադրբեջանի Հանրապետության (այսուհետ՝ Ադրբեջան) պետական սահմանի երկայնքով:
«Արտաքին անվտանգության ապահովման ոլորտում Կառավարության հայեցակարգային մոտեցումը հիմնվում է տարածաշրջանային քաղաքականության վրա՝ նպատակ ունենալով ախտորոշել Հայաստանի նկատմամբ տարածաշրջանում առկա բացասական և ագրեսիվ դրսևորումները, կառավարել դրանք, ապա և տարածաշրջանային մտածված քաղաքականության շնորհիվ նվազեցնել և երկարաժամկետ հեռանկարում զրոյացնել: Այս խնդրի իրագործման համար առանցքային է վարվող քաղաքականությունների լեգիտիմությունը միջազգային իրավունքի և կարգի տեսակետից»,- ասվում է զեկույցում։
2023 թվականի ընթացքում Կառավարության ներկայացուցիչներն ակտիվ շփումներ և բանակցություններ են ունեցել տարածաշրջանի երկրների՝ Վրաստանի, Իրանի, Թուրքիայի և Ադրբեջանի ներկայացուցիչների հետ:
Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերություններում էական առաջընթաց ապահովել չի հաջողվել: Տարին անցել է Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման, դրա հետևանքով ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի, ապա և ԼՂ-ի հայերի բռնի տեղահանման պայմաններում: