24/02/2024 11:12
Նախապատրաստական աշխատանքներ են ընթանում. ՀՀ ԱԳՆ-ն` Թավրիզում հյուպատոսության բացման մասին
Իրանի Իսլամական Հանրապետության Թավրիզ քաղաքում Հայաստանի գլխավոր հյուպատոսության բացման ուղղությամբ նախապատրաստական աշխատանքներ են ընթանում։ Տեղեկությունը հայտնել է ՀՀ ԱԳՆ-ն` պատասխանելով Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը։
«Հայտնում ենք, որ ընթանում են նախապատրաստական աշխատանքներ։ Հետագա զարգացումների վերաբերյալ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը պատշաճ կերպով կիրազեկի»,- նշված է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսում հայտնել էր Թավրիզում ՀՀ գլխավոր հյուպատոսություն հիմնելու շուրջ համաձայնության ձեռքբերման մասին՝ հույս հայտնելով, որ 2024 թվականի առաջին շաբաթների ընթացքում ականատես կլինեն դրա բացման պաշտոնական արարողությանը։