24/02/2024 16:55
Վրեժխնդիր կլինենք․ Մեդվեդև
Արևմուտքի նոր պատժամիջոցներն ուղղված են ոչ միայն իշխանությունների կամ բիզնեսի, այլև Ռուսաստանի ողջ բնակչության դեմ, հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը՝ մեկնաբանելով հատուկ ռազմական գործողության 2-րդ տարելիցի կապակցությամբ ԱՄՆ-ի և Եվրամիության կողմից նոր պատժամիջոցներ սահմանելու փաստը։
«Մենք սովորել ենք այս անվերջ սահմանափակումներին, սովորել ենք դրանց հետ ապրել, բայց ուզում եմ ուշադրություն հրավիրել այն հանգամանքի վրա, որ նոր սահմանափակումները այսօր արդեն ոչ թե մեր երկրի իշխանությունների, բիզնեսի դեմ են, ինչպես սիրում են ասել մեր հակառակորդները, այլ ընդդեմ ողջ ռուս բնակչության են»,- գրել է Մեդվեդևը՝ Տելեգրամի իր ալիքում։ Որպես օրինակ՝ նա նշել է «Միր» վճարային համակարգի և Ռուսաստանում բնակարանաշինության ծրագրերով զբաղվող ընկերությունների նկատմամբ սահմանված արգելքներն ու սահմաանափակումները։
«Պատճառը հասկանալի է՝ որքան վատ լինի ՌԴ քաղաքացիների համար, այնքան լավ կլինի Արևմտյան աշխարհի համար»,- գրել է Մեդվեդևը՝ հավելելով, որ պետք է վրեժխնդիր լինել այդ ամենի համար․ «Ռուսաստանը այս պատժամիջոցների համար Արևմուտքից պետք է վրեժ լուծի ամենուր»։
«Բոլորը պարզապես պետք է հիշեն սա և վրեժխնդիր լինեն նրանցից, որտեղ որ հնարավոր է: Նրանք մեր թշնամիներն են»,- գրել է Մեդվեդևը։
Նա կարծիք է հայտնել, որ Արևմուտքի համար պետք է դժվարություններ ստեղծել տնտեսությունում, արևմտյան իշխանությունների ապաշնորհ քաղաքականության նկատմամբ հանրային դժգոհություն առաջացնել, մշակել և առաջ տանել միջազգային լուծումներ՝ ի վնաս Արևմտյան աշխարհի շահերի, «դա անել մշտապես, համակարգային ու առավելագույնս բաց»։
«Ինչպես նաև նրանց տարածքում այլ ակտիվություն ցուցաբերել, ինչի մասին ընդունված չէ հրապարակային խոսել։ Պատերազմում՝ ինչպես պատերազմում»,- ամփոփել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահը։