24/02/2024 15:14
Հայաստանի վրա գործադրվող ճնշումը ոչ թե գործիք է, այլ՝ նպատակ. Ալեքսանդր Իսկանդարյան (Տեսանյութ)
Հայ-ադրբեջանական օրակարգում բանակցությունների գործընթաց չկա, ժամանակ առ ժամանակ տեղի են ունենում հանդիպումներ, որոնք ոչինչ չեն փոխում, ոչինչ չի կատարվում այդ հանդիպումներին։ Սա պատահականություն չէ՝ ստրատեգիա է. Ադրբեջանը չունի Հայաստանի հետ կոնսենսուսային լուծման գնալու նպատակ: Դեմարկացիա, դելիմիտացիա, հարաբերությունների կարգավորում. ոչինչ չի ուզում Ադրբեջանը, News.am-ի հետ զրույցում ասել է քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։
«Այն, ինչ տեղի է ունենում հիմա, ճնշում է Հայաստանի վրա՝ տարբեր ոլորտներում: Դիսկուրսային ճնշում. Ադրբեջանի պաշտոնական խոսույթը՝ Հայաստան գոյություն չունի, կա Արևմտյան Ադրբեջան, Երևանն ադրբեջանական քաղաք է, հատուկ նպատակով է առաջ բերվում:
Հողի վրա ճնշում, որ դրսևորվում է կրակոցներով, դիվանագիտական ճնշումը՝ այն ինչ պահանջում են Հայաստանից, և դա արվում է Եվրոպական երկրների, Ռուսաստանի, երբեմն Թուրքիայի միջոցով: Չկա սահման, գիծ, որից հետո ճնշումը կդադարի: Այս ամենը փաթեթ է՝ քաղաքական ճնշմանը զուգահեռ ճնշում կա սահմանին, սա հստակ մշակված ռազմավարություն է: Ակնկալել պրոգրես բանակցություններում՝ այնքան էլ իրատեսական չէ. խնդիրը միջնորդների կամ հանդիպումների անցկացման երկրների մեջ չէ, այլ՝ Ադրբեջանի ցանկության բացակայության։ Այն, ինչ մենք հիմա տեսնում ենք՝ Հայաստանի վրա ճնշման գործընթաց է, ոչ բանակցություններ:
Այն, ինչ Հայաստանին ներկայացնում են, առաջարկներ չեն՝ վերջնագիր է:
Հայաստանի վրա գործադրվող ճնշումը ոչ թե գործիք է, այլ՝ նպատակ: Կանգնեցնել այս գործընթացը՝ պայմանավորվելու փորձեր կատարելով, հնարավոր չէ, այս պահին որևէ մեկը չի պատրաստվում դա անել»: