24/02/2024 10:29
«Ժողովուրդ». Փաշինյանը հարկում է բոլոր աշխատողներին, սակայն սեփական սիրելիներին ազատում է հարկ վճարելու պարտավորությունից
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ կառավարության նիստում Փաշինյանը հարկ չվճարողներին տողատակով հորդորեց քայլել Զանգուի ձորով և խոտածածկ տարածքով։ Հարկ չվճարողների շարքը թվարկելիս առանձնացրեց նաև շոուբիզնեսի ներկայացուցիչներին, որոնք գնում են երկրից դուրս հարկերով սարքված ասֆալտի վրայով, իսկ իրենք հարկ չեն վճարում։ Վարչապետ Փաշինյանը հարկում է բոլոր աշխատողներին Հայաստանից մինչև արտասահման, սակայն սեփական սիրելիներին ազատում է հարկ վճարելու պարտավորությունից։
Վերջերս սուրճի և հրուշակեղենի խոշոր ներմուծող «Վենդա» ՍՊԸ-ն՝ հայտնի «Չայկոֆ» խանութների ցանցը, ՊԵԿ-ի կողմից ստացել է «օրինապահ հարկ վճարողի» կոչում, բայց մյուս կողմից՝ ՊԵԿ-ի հետ օրգանապես կապված Ֆինանսների նախարարության կողմից ճանաչվում է «գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող» հարկատու, այլ կերպ ասած՝ հայտնվում է պետական գնումների սև ցուցակում։ Տեղեկացնենք, որ այս ընկերության հետ նախորդ տարվա ընթացքում պայմանագրեր են կնքել Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը, «ՀՀ Սևանի հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ-ն, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, «Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ-ն և «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ն։
Ծառայությունների արժեքը կազմել է, օրինակ՝ 1 մլն 380 հազար դրամ «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ի հետ։ Գնումը եղել է մեկ անձից, իսկ գնման առարկան եղել է նվեր, որն իր մեջ ներառել է 375 փաթեթ, որից յուրաքանչյուրը ներառում է 2 տուփ թեյ, 2 տուփ սուրճ և մեկ շոկոլադե սալիկ, ինչպես նաև 50 տուփ սուրճ։
2024 թվականին, այս ընկերության հետ կատարված գնումներ դեռ չկան»։