24/02/2024 10:05
«Ժողովուրդ». Ինչն է պատճառը, որ առողջապահական ոլորտը այս վիճակում է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այս անգամ էլ էր անտեղյակ կամ անտեղյակ ձևացավ լրագրողների մոտ։ Կառավարության նիստից հետո, երբ նրան հարցրել են Առողջապահական տեսչական մարմնի բժշկական օգնության և սպասարկման վերահսկողության վարչության պետ Քրիստինա Աբրահամյանի կալանավորման դեպքից, Ավանեսյանը շտապել է հայտարարել. «Ճիշտն ասած, այս պահին ոչինչ չունեմ ասելու: Ես տեղյակ չեմ, որ Քրիստինա Աբրահամյանին կաշառք տվող կինը վերջերս ձեռք է բերել ֆիզիոթերապիայի ինստիտուտը»։
Հայտարարել է ու հեռացել լրագրողներից։ Մինչդեռ, առողջապահության նախարարը պետք է արդեն տեղեկացված լիներ դեպքի մանրամասներից, դեռ ավելին՝ ֆիզիոթերապիայի ինստիտուտի ճակատագրից։ Չենք բացառում, որ նա տեղյակ է, բայց լրագրողների մոտ չի ցանկացել անկեղծանալ։ Սա էլ է տարեբրակ, որովհետև լրագրողները կարող է մի քանի հարց տային, ու հիմնավորվեր, որ Ավանեսյանը չի տիրապետում իր գլխավորած ոլորտին, իր թիկունքում ով ինչ ուզում, անում է, կամ, ընդհակառակը, նա հովանավորում է:
Առողջապահական համակարգում մի սկանդալ էլ կապված է 44-օրյա պատերազմից հետո 2-րդ ԴՆԹ սեկվենատորի ձեռք բերման գործընթացի հետ: Այս գործով եղավ ձերբակալություն, թեև բանը կալանքի չհասավ։ Բայց այս դեպքում էլ Անահիտ Ավանեսյանը եղել է առողջապահության փոխնախարար, ավելի ճիշտ՝ նախարարի առաջին տեղակալը, որի համակարգման ոլորտում են եղել նման հարցերը։ Ավանեսյանը կրկին լռում է։
Ու այս պատմություններին զուգահեռ, Ավանեսյանը շարունակում է պաշտոնավարել՝ ոլորտի ձախողումների ու բացթողումների մեղքը փորձելով այլոց վրա գցել, ինչպես եղավ փոխնախարար Արմեն Նազարյանի հետ, որին փետրվարի 23-ի որոշմամբ, ի վերջո, Նիկոլ Փաշինյանն ազատեց աշխատանքից, թեև վաղուց էին ասել՝ դիմում գրիր գնա։ Ավանեսյանը պաշտոնավարում է, որովհետև հասկացել է՝ պետք է Նիկոլ Փաշինյանին անվերապահ ենթարկվել, երբեք չհակառակվել, կուսակցական ու ոչ կուսակցական միջոցառումներին էլ որքան հնարավոր է շատ մասնակցել, աչքի ընկնել ակտիվ կոմերիտականի նման։
Դա է պատճառը, որ առողջապահական ոլորտը այս վիճակում է»։