26/02/2024 11:43
Կոնդ թաղամասն ամբողջությամբ օտարվելու է․ Տիգրան Ավինյան
Կոնդ թաղամասում գտնվող շենք շինությունների, հողամասերի օրինականացման վերաբերյալ կա 254 դիմում, որոնցից 54-ի մասով կա քաղաքապետի որոշման նախագիծ, իսկ 25-ի վերաբերյալ՝ քաղաքապետի որոշում, քաղաքապետարանի գործակարգավորական խորհրդակցության ընթացքում այս մասին զեկուցվեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին։
«Բոլոր անձինք, ովքեր ունեն քաղաքապետի որոշումներ, ծանուցվել են ավագանու որոշման մասին՝ սեփականաշնորհման վճարների հետ կապված, սակայն այս պահի դրությամբ դեռ վճարումներ չունենք։ Ըստ գոտիականության՝ մեկ քառակուսի մետրի կադաստրային արժեքը 214 կամ 139 հազար դրամ է»,-զեկուցվեց քաղաքապետին։
Տիգրան Ավինյանը հայտարարեց, թե ամբողջ նախաձեռնության տրամաբանությունն այն է, որ կոնդեցիներն իրենց իրավունքները կարողանան առավելագույնս պաշտպանել։
«Հետագայում Կոնդ թաղամասն ամբողջ ծավալով գնալու է իրացման և օտարման՝ նոր քաղաքաշինական ծրագիր իրականացնելու համար»,-ասաց Ավինյանը։