26/02/2024 17:44
Ֆրանսիայի հետ բանակցում ենք՝ Ուկրաինային կործանիչ ինքնաթիռներ տրամադրելու հարցի շուրջ․ Զելենսկի
Ֆրանսիական կողմի հետ քննարկում ենք մեզ մարտական ինքնաթիռներ տրամադրելու հարցը, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Այո, մենք բանակցում ենք կործանիչներ ձեռք բերելու հարցի շուրջ»,- ասել է Զելենսկին՝ ի պատասխան ֆրանսիական LCI հեռուստաալիքի թղթակցի հարցին՝ Կիևին Ֆրանսիայի կողմից Mirage 2000 կործանիչներ տրամադրելու վերաբերյալ։ Զելենսկին, սակայն, հրաժարվել է բանակցությունների մանրամասները հայտնել։
Ավելի վաղ՝ փետրվարի 16-ին, Ուկրաինայի ՊՆ հետախուզության գլխավոր վարչության պետ Կիրիլ Բուդանովը հայտարարել էր, որ Կիևը ակնկալում է Ֆրանսիայից Mirage 2000 կործանիչներ ստանալ։ Ֆրանսիայում Ուկրաինայի դեսպան Վադւիմ Օմելչենկոն էլ փետրվարի 23-ին Le Point ամսագրի հետ զրույցում ասել էր, որ Ուկրաինան ու Ֆրանսիան ուկրաինացի օդաչուների վերապատրաստման գործընթաց են սկսել։ Նա հավելել էր, թե Ուկրաինան Mirage 2000D կործանիչների փոխարեն նախընտրում է ամերիկյան F-16 կործանիչներ ստանալ ԱՄՆ-ից, սակայն ինչպես նախկինում, այնպես էլ այժմ, դիտարկում է Արևմուտքից ռազմական օգնության ցանկացած հնարավոր տարբերակից օգտվելու իր շանսը։