26/02/2024 13:44
Լուկաշենկոն ճորտի կարգավիճակով ապրում է, մինչ այս՝ Հայաստանը Ռուսաստանի ճորտն էր, հիմա չենք ուզում ճորտի նման ապրել. Գագիկ Մելքոնյան
Լուկաշենկոն շատ բաներ է ասել, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը անդրադառնալով ՀԱՊԿ-ի հետ Հայաստանի անդամակցության «սառեցման» մասին Լուկաշենկոյի հայտարարությանը։
«Հիմնական նրա խոսույթն այն է եղել, թե Հայաստանն ո՞ւր պիտի փախչի։ Հիմա Լուկաշենկոն ճորտի կարգավիճակով ապրում է՝ էդ երկիրը։ Մենք չենք ուզում այդ ճորտի կարգավիճակում ապրել։ Մենք ուզում ենք անկախ երկիր դառնալ, ում հետ ուզենանք՝ հանդիպենք, ում հետ ուզենանք՝ պայմանագրեր կնքենք՝ ռազմատեխնիկական և մնացած»,- ասաց Գագիկ Մելքոնյանը։
Նա ասաց նաև, թե մինչ այս՝ Հայաստանը Ռուսաստանի ճորտն էր.
«Ռուսաստանն էր մեզ թելադրում ամեն ինչ՝ որ երկրի հետ հանդիպենք, շփվենք, ով պետք է մեր երկրում լինի նախագահ, ով նախարար նշանակվի, ով«դաբրո» ունենար, ուրեմն՝ նա նշանակվում էր։ Մեր պաշտպանության նախարարը նշանակվել է Ռուսաստանի «դաբրոյով»»։