26/02/2024 22:19
Ուկրաինան Ադրբեջանի դաշնակիցն է, միջազգային հարթակներում միշտ քվեարկել է Հայաստանի դեմ, Զելենսկին Ալիևին շնորհավորում էր Շուշիի գրավման համար, դու նրան բերում ես Հայաստան, որ ի՞նչ անես․ Շարմազանով
ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը 168 TV-ի «Պրեսսինգ» հաղորդաշարի շրջանակում, անդրադառնալով ՀՀ իշխանությունների մտադրությանը՝ կազմակերպել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու այցը Հայաստան, ընդգծել է՝ Ուկրաինա-Ռուսաստան առճակատման մեջ մտնելը ոչ մի լավ բանի չի հանգեցնի։
«Դու ո՞վ ես, որ մտել ես Ուկրաինա-Ռուսաստան առճակատման մեջ։ Դու իսկի էնքան չկաս, որ քեզ հետ քո երկրի հարցերը լուծեն։ Քիթդ ինչո՞ւ ես խոթում»,- նկատի ունենալով Փաշինյանին՝ ասել է Էդուարդ Շարմազանովը։
Շարմազանովը հիշեցրել է նաև մի քանի կարևոր փաստեր։
«44-օրյա պատերազմի ժամանակ՝ հոկտեմբերի 19-ին, երբ քաղաքական ուժերի ներկայացուցիչներով հանդիպեցինք Փաշինյանին, հարցրեցի՝ ԱՄՆ-ը կարո՞ղ է կանգնեցնել պատերազմը, պատասխանեց՝ ո՛չ, ԱՄՆ-ը ընտրությունների է պատրաստվում, մեր հավեսը չունեն՝ «Не до нас»: Հարցրեցի՝ իսկ Ֆրանսիա՞ն՝ ասաց՝ ո՛չ, Մակրոնը էդքան ազդեցություն չունի Ալիևի վրա։ Ասացի՝ բա ո՞վ կկարողանա կանգնեցնել պատերազմը, ասաց՝ Պուտինը։ Այ տղա, բա որ էդքանը գիտես, հիմա դու դուրս ես եկել էդ երկրի դեմ, որ ի՞նչ անես։ Կրկնում եմ՝ Հայաստանի շահերից է բխում, որ որպես պետություն՝ որևէ գերտերության հետ վատ հարաբերություններ չունենանք։
Պուտինի ղեկավարած երկիրն է քեզ 165 դոլարով գազ տալիս, Պուտինի ղեկավարած երկրում է ապրում 3 միլիոն հայ, էդ երկիրն է 30 տարի պաշտպանել քո արտաքին անվտանգությունը, այդ երկիրն է կանգնեցրել 44-օրյա պատերազմը… Զելենսկին պրոադրբեջանական գործիչ է։ Ուկրաինան մշտապես 30 տարի միջազգային հարթակներում քվեարկել է Հայաստանի, Արցախի դեմ, Ուկրաինան Ադրբեջանի դաշնակիցն է, Զելենսկին Ալիևին շնորհավորել էր Շուշիի գրավման առիթով, հիմա դու այդ մարդուն բերում ես Հայաստան, որ ի՞նչ անես, որ չափալախ ուտե՞ս»,- ընդգծլ է Էդուարդ Շարմազանովը։