26/02/2024 12:37
«Դուք տաղանդավոր ժողովուրդ եք, միասնաբար հաղթահարելու ենք բոլոր դժվարությունները». Արագածոտնի մարզպետը՝ ԼՂ-ից բռնի տեղահանվածներին
Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը հանդիպել է Աշտարակ համայնքում բնակվող, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հետ։
Արագածոտնի մարզում ներկայումս բնակվում է ԼՂ-ից բռնի տեղահանված 4181 անձ, որից միայն Աշտարակ խոշորացված համայնքում՝ 3060։
Մարզպետը նշել է, որ նման ձևաչափով առաջին հանդիպումն է արցախցիների հետ, որը կրելու է շարունակական բնույթ։
Սերգեյ Մովսիսյանը ամփոփ տվյալներ է ներկայացրել Արագածոտնում բնակվող, ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց վերաբերյալ՝ առանձնահատուկ կանգ առնելով Արագածոտնի մարզպետի աշխատակազմի աջակցությամբ աշխատանքի անցած անձանց թվի վրա։
Մարզպետն առաջարկել է հանդիպումն անցկացնել ինտերակտիվ, անկաշկանդ հաղորդակցության մթնոլորտում և հարցուպատասխանի միջոցով վերհանել ու արձանագրել խնդիրներն ու հրատապ լուծում պահանջող հարցերը։ Մարզպետի կողմից հընթացս ներկայացվել են պետական աջակցության ծրագրերը՝ ներառելով սոցիալական, գյուղատնտեսական, կրթական, առողջապահական և այլ ոլորտները։
Սերգեյ Մովսիսյանը լավատեսական խոսքերով է ամփոփել ելույթներն ու նշել․ «Դուք աշխատասեր, տաղանդավոր ժողովուրդ եք, ես վստահ եմ, որ միասնաբար մենք հաղթահարելու ենք բոլոր դժվարությունները»։
Մարզպետը շեշտել է, որ ՀՀ կառավարության ջանքերն՝ ուղղված մեր հայրենակիցների սոցիալական հոգսերը օր առաջ թեթևացնելուն, շարունակական են, և արդեն քննարկվում են բնակարանային և սոցիալական ապահովության երկարաժամկետ ծրագրերի իրականացման մեխանիզմները։
«Մենք խորապես գիտակցում ենք, որ ձեր խնդիրները մեր խնդիրներն են և այդ պարտավորությունն ու պատասխանատվությունը մեր ուսերին է։ Մենք մեր հնարավորության սահմանում անելու ենք ամեն ինչ, որպեսզի դուք լիարժեքորեն անցնեք ձեր բնականոն կյանքին։ Մեր հանդիպումները շարունակական են, կապը՝ մշտական»,- ասել է մարզպետ Սերգեյ Մովսիսյանը։