27/02/2024 15:20
Հայաստանը 2023-ից շատ լավ գիտակցում և հասկանում է խաղաղության գինը. Հունաստանի վարչապետ
Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ հայտարարությունների ժամանակ անդրադարձավ հայ-հունական հարաբերություններին և նշեց, որ դրանք դարերի պատմություն ունեն և հիմա եկել է ժամանակը, որ դրանք օգտագործվեն նոր մարտահրավերների դեմ պայքարում։
«Այս պահին Հայաստանը ԵՄ-ի աջակցությամբ ձևավորում է հստակ և թափանցիկ ինստիտուտներ, որոնք թույլ կտան ներդրումներ ներգրավել։ Մենք հնարավորություն կունենանք քննարկելու մեր հարաբերություններն այնպիսի ոլորտներում, ինչպիսիքն են վերականգնող էներգետիկան և ժամանակակից տեխնոլոգիաները»,-նշեց նա։
Հունաստանի վարչապետը նշեց, որ իրենք աջակցում են պաշտպանական ոլորտում համագործակցությանը՝ հատուկ պայմանագիր կնքելով.
«Հայաստանի վարչապետի հետ քննարկեցինք, թե ինչպես կարելի է ամրապնդել տնտեսական ոլորտում համագործակցությունը։ Մենք դեմ ենք ուժի և սպառնալիքի կիրառմանը։ Մենք միշտ Հայաստանի կողքին ենք և նվիրված ենք յուրաքանչյուր երկրի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հանդեպ հարգանքի սկզբունքներին։ Մենք համոզված ենք, որ հարաբերությունները պետք է կարգավորվեն միայն խաղաղ ճանապարհով։ Իսկ Հայաստանը 2023 թվականից ի վեր շատ լավ գիտակցում և հասկանում է խաղաղության գինը»։