27/02/2024 16:48
Մհեր Գրիգորյանը ԵՄ պատվիրակությանն է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագծի հիմնական նպատակներն ու սկզբունքները
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության Արևելյան հարևանության և հաստատությունների հզորացման հարցերով նորանշանակ տնօրեն Ադրիեն Կիրալիի գլխավորած պատվիրակությունը: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը: Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից:
Հանդիպման սկզբում Ադրիեն Կիրալին փոխվարչապետին հանձնել է ԵՄ կողմից ստորագրված բյուջետային աջակցության ֆինանսավորման համաձայնագիրը՝ ուղղված ԼՂ-ից բռնի տեղահանվածների առաջնային կարիքների հասցեագրմանը, ինչպես նաև տեխնիկական աջակցության ֆինանսավորման համաձայնագիրը՝ ուղղված ՀԸԳՀ կիրարկմանը:
Փոխվարչապետը շնորհավորել է Ադրիեն Կիրալիին պաշտոնին նշանակվելու կապակցությամբ՝ վստահություն հայտնելով, որ համատեղ ջանքերով ՀՀ-ԵՄ համագործակցությունն առավել կխորանա:
Մհեր Գրիգորյանը, բարձր գնահատելով ԵՄ-ի հետ փոխգործակցությունը, ընդգծել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) կիրարկման գործընթացի և Տնտեսական և ներդրումային պլանի ներքո մշակված համատեղ ծրագրերի իրականացման կարևորությունը Հայաստանի կայուն զարգացման տեսանկյունից:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպման ընթացքում ներկայացրել է ԵՄ պատվիրակությանը «Խաղաղության խաչմերուկ» նախագծի հիմնական նպատակներն ու սկզբունքները՝ ընդգծելով դրա կարևորությունը տարածաշրջանում կայունության և հարատև խաղաղության հաստատման տեսանկյունից: Այս համատեքստում փոխվարչապետը կարևորել է Հայաստանի մասնակցությունը տարածաշրջանային ենթակառուցվածքային խոշոր ծրագրերին և հույս հայտնել, որ «Խաղաղության խաչմերուկը» կդառնա «Global Gateway» նախաձեռնության բաղկացուցիչ մաս:
Զրուցակիցները երկուստեք ընդգծել են համագործակցության հեռանկարային ուղղությունները, մասնավորապես՝ մարդկային կապիտալի զարգացման, ենթակառուցվածքների զարգացման և առևտրատնտեսական ոլորտներում: Առանձնակի կարևորվել են հանրային կառավարման և թվայնացման ոլորտներում իրականացվող և նախանշված բարեփոխումները, որոնք պետք է համահունչ լինեն ժամանակակից միտումներին: Քննարկվել է նաև Կառավարության կողմից հայտարարված «Ակադեմիական քաղաք» նախաձեռնությունն ու դրա հիմնական նպատակները: