27/02/2024 19:57
Ուկրաինային օգնում ենք 2014 թվականից, բայց այնտեղ զորք ուղարկելու մտադրություն չունենք․ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
ՆԱՏՕ-ն Ուկրաինա զորք ուղարկելու պլաններ չունի, Associated Press-ին տված հարցազրույցում հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։
«ՆԱՏՕ-ն ու նրա դաշնակիցներն աննախադեպ աջակցություն են ցուցաբերում Ուկրաինային։ Մենք դա անում ենք 2014 թվականից և այդ աջակցությունը մեծացրել ենք՝ ռազմական լայնածավալ գործողությունների մեկնարկից ի վեր, բայց մենք ՆԱՏՕ-ի զինուժն Ուկրաինա ուղարկելու պլաններ չունենք»,- ասել է նա։
Նշենք, որ փետրվարի 26-ին Սլովակիայի վարչապետը հայտարարել էր, որ ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ մի քանի երկրներ քննարկում են իրենց զինծառայողներին Ուկրաինա ուղարկելու հնարավորությունը՝ Կիևի հետ երկկողմ համաձայնագրերի հիման վրա։ Չեխիայի և Լեհաստանի վարչապետերը իրենց հերթին հայտարարել էին, որ այդպիսի մտադրություն չունեն։ Ավելի ուշ Շվեդիայի վարչապետն էր ասել, որ իր երկիրը նման ծրագրեր չունի։