27/02/2024 15:09
ԵՄ-ն Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումների օրակարգի հիմնական գործընկերներից է. Փաշինյան (Տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Հունաստանում է։
Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ համատեղ ասուլիսի ժամանակ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց Հունաստանի հայ համայնքին և Հայաստանի հունական համայնքին։
«Հայաստանում մենք ունենք շատ տեսանելի հունական համայնք, որը շատ կարևոր դեր ունի մեր երկրի կյանքում, տնտեսության մեջ։ Սա արտահայտումն է այն խոր պատմական կապերի, որ մեր երկրները, ժողովուրդներն իրար հետ ունեն։ Պետք է հաճույքով ընդգծեմ, որ մեր միջպետական կապերը նույնպես բավականին լավ զարգանում են և այսօրվա այցի արդյունքներով մենք նոր խթան կտանք երկկողմ հարաբերություններին՝ մշակույթի, կրթության, անվտանգության ոլորտներում։ Պաշտպանության ոլորտում ունենք երկար համագործակցության պատմություն, և համոզված եմ, որ այդ համագործակցությունն ավելի արդյունավետ կդառնա»,-նշեց Փաշինյանը։
Վարչապետն ընդգծեց, որ հայ-հունական հարաբերություններում ամենևին երկրորդական դեր չի կատարում այն, որ երկու երկրներն առանցքային նշանակություն են տալիս բարեփոխումներին, մասնավորապես, ժողովրդավարական բարեփոխումներին. «Սա շատ կարևոր արժեքային հենք է ստեղծում մեր հարաբերությունների զարգացման համար։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել Հունաստանին՝ ԵՄ-ի հետ մեր հարաբերությունների զարգացմանն աջակցելու համար։ Տեղյակ եք, որ ԵՄ-ն Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումների օրակարգի հիմնական գործընկերներից է։ Այս համատեքստում մեր համագործակցությունն արդեն իսկ ցույց է տվել իր արդյունքը, և համոզված եմ, որ առաջիկայում ավելի տեսանելի արդյունքներ կլինեն։