27/02/2024 15:53
Ամռանը Երևանում տեղի կունենա հայ-հունական միջկառավարական համագործակցության հանձնաժողովի նիստ. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ընդգծեց, որ հայ-հունական հարաբերություններում ամենևին երկրորդական դեր չի կատարում այն, որ երկու երկրներն առանցքային նշանակություն են տալիս բարեփոխումներին, մասնավորապես, ժողովրդավարական բարեփոխումներին. «Սա շատ կարևոր արժեքային հենք է ստեղծում մեր հարաբերությունների զարգացման համար։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել Հունաստանին՝ ԵՄ-ի հետ մեր հարաբերությունների զարգացմանն աջակցելու համար։ Տեղյակ եք, որ ԵՄ-ն Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումների օրակարգի հիմնական գործընկերներից է։ Եվ այս համատեքստում մեր համագործակցությունն արդեն իսկ ցույց է տվել իր արդյունքը և համոզված եմ, որ առաջիկայում ավելի տեսանելի արդյունքներ կլինեն։
Փաշինյանը շեշտեց Հունաստանի մասնակցությունը Հայստանում ԵՄ-ի քաղաքացիական առաքելությանը, որը դիտարկում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանը.«Հունաստանի մասնակցությունն այստեղ շատ գնահատելի է և կարևոր։ Քննարկեցինք նաև մեր տարածաշրջանային իրավիճակը, հատուկ անդրադարձանք էթնիկ զտումների արդյունքում տեղահանված ավելի քան 120 հազար հայերի հումանիտար կարիքների բավարարման գործընթացին։ Ես վարչապետին պատմեցի այն միջոցների մասին, որոնք մենք արդեն իսկ հասցրել ենք իրականացնել, բայց նաև ասացի, որ մենք այժմ երկարաժամկետ ծրագրեր իրականացնելու որոշումներ կայացնելու փուլում ենք։ Կարևոր է նաև, որ եթե մեր հայրենակիցները ԼՂ վերադառնալու իրատեսական հնարավորություն չունենան, ամեն ինչ անենք, որպեսզի նրանք մնան ՀՀ-ում»։
Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հունաստանի վարչապետին ներկայացրել է Ադրբեջանի հետ խաղաղության հասնելու Հայաստանի աշխատանքները.«Պատմել եմ նաև առկա խնդիրների մասին՝ ուր ենք մենք հասել և թե ինչ խնդիրներ կան ապագա առաջընթացն ապահովելու համար։ Տեղյակ եք, որ առաջիկայում սպասվում է ԱԳ նախարարների հերթական հանդիպումը։ Պետք է հույս ունենալ, որ այդ հանդիպման ընթացքում հնարավոր կլինի առաջընթաց արձանագրել։ Ուրախությամբ ենք արձանագրում, որ ինչպես Հունաստանում, այնպես էլ Հայաստանում բավականին լավ տնտեսական աճ ու դինամիկա կա և սա լավ հնարավորություն է երկկողմ տնտեսական հարաբերությունները զարգացնելու և խորացնելու համար։ Առաջիկայում մենք միջկառավարական համագործակցության հանձնաժողովի նիստ կհրավիրենք, այնպիսի նախնական ընկալում կա, որ այն տեղի կունենա ամռանը՝ Երևանում»։