28/02/2024 17:32
Սերժ Սարգսյանը կարող էր իր կենցաղային հարցերով անընդհատ կառավարությանը նամակ-նամակի հետևից գրեր, չէ՞ր կարող գրել՝ կառավարություն, վերահաս արհավիրքի առաջ եք. Փաշինյան (Տեսանյութ)
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը իրականության բացահայտման ճանապարհին ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը օգտակար է համարում։
Փաշինյանը հիշեցրեց Սերժ Սարգսյանի խոսքերը, երբ ասել էր՝ երբ որոշել է առաջադրվել վարչապետի թկենածու, այդ պահին իմացել է վերահաս արհավիրքի մասին։
«Հետևաբար, սա մի հայտարարություն է, որը ոչ միայն վերահաստատում է 2018 թվականի դրությամբ ԼՂ հարցի բանակցային գործընթացի վերաբերյալ մեր գնահատականները, այլև նոր նյուանս է ավելացնում ու վերահաստատում, ավելի է ուժեղացնում այդ գնահատականը»,- Ազգային ժողովում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Փաշինյանը հարց բարձրացրեց՝ ինչո՞ւ այդ արհավիրքի մասին չի տեղեկացվել հայ ժողովուրդը․
«2018 թվականի մայիսին եղել է հեղափոխություն, որոշ ժամանակ է անցել, եղել են արտահերթ ընտրություններ, իրադրությունը էականորեն փոխվել է, ինչո՞ւ հանրությւոնը կամ կառավարությունը չի հաղորդակցվել»։
Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե մեկ-երկու փորձ է արել նախկին իշխանության հետ հասկանալու, թե ինչ է տեղի ունենում, բայց երբ շփվել է, իր խոսքով՝ հասկացել է՝ վիրտուալ իրականություն են ստեղծում։
«Էդ ո՞նց է Սերժ Սարգսյանը պաշտոնանկությունից հետո կարող էր իր կենցաղային հարցերով անընդհատ կառավարությանը նամակ-նամակի հետևից գրեր, չէր կարող գրել, որ կառավարություն, վերահաս արհավիրքի առաջ եք, առաջարկում եմ անել սա»,- նշեց նա։
Ըստ Փաշինյանի՝ այս քննարկումն այն մասին չէ, թե նախկիններն ինչ են արել, այս քննարկումը կարևոր է իրադրությունն իր բոլոր նրբություններով հասկանալու համար։