28/02/2024 20:57
Խումհար․ Ինչպե՞ս անցկացնել
Խումհարը տհաճ գանգատներով և ախտանիշներով ուղեկցվող վիճակ է, որն առաջանում է մեծ քանակով ալկոհոլ օգտագործելուց:
Խումհարը մեծամասբ ինքնուրույն անհետանում է, թեև տհաճ ախտանիշները կարող են ձգվել մինչև 24 ժամ: Խումհարի ախտանիշները տիպիկ դեպքերում սկսվում են, երբ արյան մեջ ալկոհոլի պարունակությունը զգալի չափով ընկնում է և գրեթե հասնում զրոյի:
Դրանք սովորաբար ուժգնանում են երեկոյան կամ գիշերվա մեծ քանակով ալկոհոլ օգտագործելու հաջորդ առավոտյան:
Կախված ալկոհոլային խմիչքի տեսակից և չափից, կարող են նկատվել՝
հոգնածություն և թուլություն,
խիստ ծարավ և բերանի չորություն,
գլխացավեր և մարմնի ջարդվածություն,
վատ կամ կրճատված քուն,
լույսի և ձայների նկատմամբ բարձրացած զգայունություն,
գլխապտույտ կամ սենյակի պտտվելու զգացողություն (վերտիգո),
դող և սարսուռ,
ուշադրությունը կենտրոնացնելու ունակության կորուստ,
տրամադրության խանգարումներ, ինչպիսիք են՝ դեպրեսիա, տագնապ և գրգռվածություն,
արագացած սրտազարկ (տախիկարդիա):
Եզակի խումհարներն ինքնուրույն անցնում են: Անհրաժեշտ է զրուցել բժշկի հետ այն դեպքերում, եթե հաճախակի և մեծ քանակով ալկոհոլի օգտագործումն առաջացնում է լուրջ ախտանիշներ, կամ երբ կանոնավոր խումհարներն ազդում են կյանքի որակի, միջանձնային հարաբերությունների և աշխատանքային արտադրողականության վրա:
Ալկոհոլի մեծ քանակի ընդունմանն ուղեկցող ավելի ծանր գանգատներն ու ախտանիշները կարող են վկայել ալկոհոլային թունավորման՝ կյանքին սպառնացող վիճակի մասին:
Եթե ալկոհոլ չարաշահած մարդու մոտ ի հայտ են գալիս հետևյալ նշանները, ապա կարիք կզգացվի անհապաղ բժշկական միջամտության՝
շփոթվածություն,
փսխում,
ցնցումներ,
շնչառության դանդաղում (րոպեում ավելի պակաս, քան 8 շնչառական ակտ),
անկանոն շնչառություն (երկու շնչառությունների միջև ավելի քան 10 վրկ-ոց դադար),
կապտավուն երանգավորված կամ գունատված մաշկ,
մարմնի ջերմաստիճանի նվազում (հիպոթերմիա),
գիտակցությունը պահպանելու դժվարություն,
անգիտակից վիճակ, որից չի կարողանում արթնանալ:
Եթե ալկոհոլի օգտագործումից հետո անձը չի կարողանում քնից արթնանալ, ապա առկա է մահվան ռիսկ, ինչը նույնպես պահանջում է շտապ օգնություն:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն