28/02/2024 16:05
Հայաստան-ԵՄ. գեոպոլիտիկ բումից և իմիտացիոն ֆասադից այն կողմ․ Արմեն Աշոտյան
Հայաստան-ԵՄ հարաբերություններն իրենց տեսանելի հատվածում բում են ապրում, սակայն սուր աչքն այդ վառվռուն ֆասադի հետևում չի կարող չնկատել համակարգային, կոնցեպտուալ խնդիրներ, որոնք հարցականի տակ են դնում նման ճարտարապետությամբ կառուցված կոնստրուկցիայի դիմացկունությունը:
Նման գեոպոլիտիկ տենդի պատճառները շատ պարզ են. Հայաստանի գործող վարչակազմի և ԵՄ ընթացիկ աշխարհաքաղաքական շահերը համընկնում են: Ռուսաստանի դեմ պայքարում ԵՄ-ին անհրաժեշտ են նոր միավորներ, իսկ մեր երկրի ներկայիս ադմինիստրացիան պատրաստ է մոբիլիզացվել հակառուսական գեոպոլիտիկ բանակ:
Այս դոմինանտի գերակայությունը բերում է մի իրավիճակի, երբ եվրոպական քաղաքական ինստիտուտները պատրաստ են աչք փակել Հայաստանի ներսում Փաշինյանի ավտորիտար կառավարման բազում և ցայտուն դրսևորումների, կոռուպցիայի աննախադեպ աճի, ժողովրդավարական հետընթացի վրա: Հերթով հնչում են գնահատականներ, որոնք բացարձակ կապ չունեն հայաստանյան իրականության հետ, ավելին, վկայում են այն մասին, որ ԵՄ-ն հեշտությամբ պատրաստ է զոհաբերել սեփական արժեքները հանուն այս պահին իրենց շահերին համահունչ գործող Փաշինյանի իշխանության ամրապնդման:
«Խաբի՛ր ինձ» սկզբունքի կիրառումը վերջերս դասական կերպով դրսևորվեց Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագրի (CEPA) իմպլեմենտացիային նվիրված հերթական զեկույցում, որում տեղ գտած գնահատականները Հայաստանում փոփոխությունների մասին որևէ աղերս չունեն ոչ միայն CEPA-ի կատարման հետ, այլև հայկական իրականության հետ խորը դիսոնանսի մեջ են:
Այդ զեկույցում ծածկադմփոց է արված, օրինակ, դատական իշխանության բարեփոխումների ձախողումը, որի կոռումպացվածության և քաղաքականացվածության մասին գնահատականներ էին հնչել անգամ ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողների կողմից: Շրջանցված էր կոռուպցիայի դեմ պայքարի տապալման թեման, ինչն արձանագրված է նույն Transparency International-ի զեկույցում: Որևէ անդրադարձ չկա երկրում քաղաքական իրավունքների ոտնահարումների վերաբերյալ և այլն:
Այս այլընտրանքային իրականության կերտմանը զուգընթաց՝ նույն եվրոպացիք շատ ազնիվ գրել էին, որ վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկը պահանջում է քաղաքական որոշում, և այստեղ հարց է առաջանում. Եթե Հայաստանը իրոք այդպիսի լավ բարեփոխումներ է անում և այդքան «պրոեվրոպական» է, ինչո՞ւ ԵՄ-ն այդ քաղաքական որոշումը չի կայացնում, ներառյալ՝ ԵՄ անդամ պետությունների մակարդակով:
Նույն անմխիթար վիճակն է նաև տարածաշրջանային գնահատականներում, որ տեղ են գտել այդ զեկույցում: Չկա գեթ մեկ թթու կամ կծու խոսք Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի, ուժի գործադրման սպառնալիքների մասին: Իսկ Արցախի հայաթափումը բնութագրված է EXODUS՝ ելք, տերմինով, որի մասին մի քիչ ուզում եմ մանրամասնել:
Մաքուր և աներկբա էթնիկ զտումը, որ Ադրբեջանն իրականացրեց Արցախում, EXODUS բառով փոխարինելը եվրոպական ռեվերանս է Ադրբեջանի նկատմամբ, որովհետև դա չի ենթադրի իրավական կամ քաղաքական պատժիչ քայլեր Ալիևի նկատմամբ, այսինքն՝ Հայաստանին սատարող ԵՄ-ն իրականում խուսափում է սատարել մեզ ամենակարևոր և կենսական հարցերում: Ավելին, EXODUS եզրույթը կրկնում է Աստվածաշնչյան այն դրվագը, երբ հրեաները լքեցին Եգիպտոսը, և սա խորը թյուրիմացություն է առաջացնում: Հրեաների ելքը Եգիպտոսից դրական երևույթ էր նրանց կյանքում, որովհետև նրանք պատանդ էին Եգիպտոսում, իրենց հայրենիքում չէին և վերադարձան իրենց իրական հողերը: Հրեաները պայքարում էին, որ լքեն Եգիպտոսը, EXODUS-ի իրավունք ունենան: Այնինչ Արցախի հայերը գտնվում էին իրենց հայրենիքում և պայքարում էին ոչ թե այն լքելու, այլ այնտեղ ապրելու հնարավորության համար: Հրեաների EXODUS-ը փաստացի հայրենադարձություն էր, իսկ հայերի՝ Արցախից ստիպված հեռանալը՝ հայրենազրկում:
Այսինքն՝ անգամ արժեքային, իմաստային, բովանդակային առումով Արցախի հայաթափումը EXODUS կոչելը չի բխում ո՛չ իրականությունից, ո՛չ էլ հայկական շահից: Էլ չասեմ, որ նույն CEPA-ով ամրագրված են Արցախյան հակամարտության կարգավորման սկզբունքները, այդ թվում՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, որի ոտնահարումը այժմ հանդուրժվում է և փաստացի խրախուսվում է ԵՄ-ի կողմից:
Այո՛, ցավոք, աշխարհը գտնվում է գեոպոլիտիկ պատերազմի մեջ, և կողմերից յուրաքանչյուրն ուզում է ուժեղանալ՝ ներգրավելով նոր ռեսուրսներ: Սակայն Հայաստանի իրական բարեկամները Եվրոպայում չեն կարող չհասկանալ, որ գիգանտների այդ ճակատամարտում Հայաստանի արկածախնդիր ներգրավումը հղի է լրջագույն էքզիստենցիալ խնդիրներով հայ ժողովրդի համար՝ հաշվի առնելով Հարավային Կովկասի յուրահատկությունները:
Հայաստանի իրական բարեկամները Եվրոպայում չեն կարող չնկատել նաև, որ Հայաստանի գործող ռեժիմն իրականում չի իրացնում երկրի բարեփոխումների, դեմոկրատիզացիայի, մոդեռնիզացիայի օրակարգերը, որ CEPA-ն իրականում այս փուլում շատ մոտ է տապալմանը: Վերջիվերջո, Աֆղանստանի մոջահեդներն էլ էին հակառուսական, սակայն ոչ մեկի մտքով չէր անցնի նրան «proeuropean» կոչելը:
Հայաստանն այսօրվա վիճակում գեոպոլիտիկ իմաստով նման է հաշմվածի կամ ուշադրության կարիք ունեցող և խոցելի երեխայի, որոնց ոչ մի դեպքում չի կարելի ներգրավել պատերազմների մեջ, անգամ՝ գեոպոլիտիկ: Սա ցանկացած պատերազմի գրված և չգրված օրենք է:
Հայաստան-ԵՄ իրական գործընկերությունն ունի իր ճշգրիտ և առաջնահերթ օրակարգը՝ զերծ գեոպոլիտիկ տենդի դրսևորումներից: Այդ օրակարգը պետք է ներառի, օրինակ, Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառման քննարկումներ, վիզայի ազատականացում, CEPA-ի խորքային, ոչ թե իմիտացիոն իմպլեմենտացիա, եվրոպական թիրախային ծրագրերի իրականացում տարբեր ոլորտներում:
Այս շարքը կարելի է շարունակել՝ հիշելով, որ ցանկացած բումի հետևանքով առաջացող փուչիկները մի օր պայթում են՝ վնասելով բոլոր կողմերին: Ծավալված գեոպոլիտիկ պայքարում ԵՄ-ի նպատակը հաղթելն է, իսկ մերը՝ ընդամենը ֆիզիկապես վերապրելը…
ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ
ՀՀԿ փոխնախագահ
«Նուբարաշեն» ՔԿՀ