28/02/2024 20:00
«Չենք կարող տոլերանտ լինել մեր ժողովրդի արժանապատվությունը հարցականի տակ դնող հաղորդումների նկատմամբ». ԲՏԱ նախարար (Տեսանյութ)
Հայաստանը չի կարող տոլերանտ լինել այնպիսի բովանդակություն ունեցող հաղորդումների նկատմամբ, որոնք կարող են հարցականի տակ դնել մեր ժողովրդի արժանապատվությունը, ԱԺ-ում հայտարարեց ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը։
Նրա խոսքով՝ եթերում ռուսական կողմից խախտումները կրկնվում են, ինչը ՀՀ-ՌԴ միջպետական համաձայնագիրը լրամշակելու կամ խմբագրելու անհրաժեշտության վկայություն է։
Մխիթարյանը նշեց նաև՝ փետրվարի 26-ին Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի կողմից գրություն են ստացել՝ խախտումների մասին արձանագրություն։
«ԲՏԱ-ն արձանագրել է, որ իրապես խախտումները տեղի են ունեցել։ Այսօր ՀՀ ԱԳՆ-ն բողոքի հայտագիր է հղել ռուս գործընկերներին։ Զգայուն է հարցը, պետք է առիթ չտալ, որ տարատեսակ խմբերի կողմից հարցը քաղաքականցվի, անիմաստ է փնտրել քաղաքական ենթատեքստեր»,-ասաց Հայրապետյանը և հավելեց, որ ինքը ևս նամակ է ուղարկել ՌԴ Կապի և զարգացման նախարարին՝ առաջարկելով անհապաղ քննարկումներ անցկացնել։
«Քաղաքական կոռեկտությունից ելնելով՝ ճիշտ չեմ համարում խոսել նամակի բովանդակության մասին, բայց պետք է անհապաղ խորհրդակցություններ անցկացնել և ներկայացնել լուծումների մասին պատկերացումները»,-ասաց նա։