28/02/2024 16:18
Քննարկում ենք վիզայի ազատականացման երկխոսություն սկսելու տարբերակները, ինչը կարևոր քաղաքական ազդակ կհղի ՀՀ քաղաքացիներին. Բորել
Հայաստանի հետ մենք սկսել ենք ԵՄ-Հայաստան գործընկերության նոր, հավակնոտ օրակարգի նախապատրաստումը. Եվրախորհրդարանի նիստում Եվրամիության արտաքին քաղաքականության ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելի խոսքերն է փոխանցել փոխնախագահ Յուտա Ուրպիլայնենը։
Ըստ նրա՝ ԵՄ-ն առաջարկել է նոր գործընկերության օրակարգ, որը հիմնված է ընդհանուր արժեքների վրա և բաղկացած է երեք բլոկներից։
«Նախ, մենք կաշխատենք ամրապնդել Հայաստանի ճկունությունը և դիվերսիֆիկացնել նրա տնտեսությունը՝ առևտրի, էներգետիկայի, կապի և ավիացիոն անվտանգության ոլորտներում համագործակցության մեծացման միջոցով։
Մարդկանց միջև ուժեղացված շփումների համար մենք քննարկում ենք վիզայի ազատականացման երկխոսություն սկսելու տարբերակները: Հայաստանն արտահայտել է իր մեծ հետաքրքրությունը այս հարցում, և մենք խրախուսել ենք երկրի ղեկավարությանը՝ ակտիվացնել աշխատանքը համապատասխան բարեփոխումների ուղղությամբ: Վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկը կարևոր քաղաքական ազդակ կհղի Հայաստանի քաղաքացիներին և լծակներ կապահովի հետագա բարեփոխումների համար։
Երկրորդ․ անվտանգությունը մեր երկկողմ հարաբերությունների՝ գնալով ավելի կարևոր դարձող տարր է։ Մենք նշում ենք Հայաստանում ԵՄ առաքելության առաջին տարեդարձը և անհամբեր սպասում դրա ամրապնդմանը։ Մենք քննարկում ենք եվրոպական խաղաղության հաստատման հնարավոր միջոցըներ։ Եվ մենք ընդլայնում ենք մեր երկխոսությունը արտաքին և անվտանգության քաղաքականության վերաբերյալ՝ նաև ուսումնասիրելով Հայաստանի մասնակցությունը ԵՄ-ի գլխավորած առաքելություններին և գործողություններին։
Երրորդ․ աճող ներդրումները առանցքային կլինեն ավելի սերտ տնտեսական համագործակցության համար: Մենք հանձնառու ենք աջակցել Հայաստանի մասնակցությանը սևծովյան էլեկտրահաղորդման մալուխին և տարածաշրջանային կապի այլ նախագծերի։ Տարածաշրջանի երկրների միջև ավելի սերտ կապերի ստեղծումը մեծ ներուժ ունի՝ ծառայելու որպես խաղաղության շահաբաժին: Եվրամիությունը շարունակում է աջակցել նաև ղարաբաղցի հայերին։ Մենք տրամադրել ենք 12,2 միլիոն եվրո՝ հրատապ հումանիտար կարիքները հոգալու համար, առանձնացրել ենք ևս լրացուցիչ 5,5 միլիոն եվրո։ Սոցիալ-տնտեսական կարիքների համար տրամադրել ենք 15 միլիոն եվրո բյուջետային աջակցություն»,-նշել է Բորելը։