28/02/2024 13:36
Բրյուսելում Ադրբեջանի դեսպանն իր տեղում չէ, ՀՀ-ի նկատմամբ օգտագործում է նույն սպառնալիքները, ինչ Կրեմլը՝ Ուկրաինայի․ ԵԽ պատգամավոր
Եվրախորհրդարանի պատգամավոր, անվտանգության և պաշտպանության հարցերով ենթահանձնաժողովի նախագահ Նատալի Լուազոն X-ի իր էջում անդրադարձել է Բելգիայում և Լյուքսեմբուրգում Ադրբեջանի դեսպան, ԵՄ-ում ադրբեջանական առաքելության ղեկավար Վագիֆ Սադիկովի գրառմանը։
«Բրյուսելում Ադրբեջանի դեսպանը դիվանագետի հակապատկեր է։ Չբավարարվելով Եվրախորհրդարանի պատգամավորներին սպառնալով՝ նա Հայաստանի կառավարության նկատմամբ օգտագործում է նույն հռետորաբանությունն ու սպառնալիքները, ինչ Կրեմլը՝ Ուկրաինայի նկատմամբ: Նա այլևս դեսպանի իր տեղում չէ»,- գրել է Լուազոն։
Նա ներկայացրել է Սադիկովի գրառումը, որտեղ Ադրբեջանցի դեսպանն ասում է՝ իբր թե «1992 թվականից ի վեր մինչ օրս Հայաստանը կառավարվում է արյունարբու ֆաշիստների կողմից, որոնք մարդկության դեմ հանցագործություններ են կատարել․ 300 հազար ադրբեջանցիների էթնիկ զտումներ՝ պատմականորեն հայտնի Արևմտյան Ադրբեջանում (այսօր՝ Հայաստան), իսկ ավելի ուշ՝ բուն Ադրբեջանում»։