28/02/2024 13:16
2023թ.-ին պետական միջոցներով հանրապետությունում ասֆալտապատվել է 501 կմ ճանապարհ. Սանոսյան
2023 թվականին ամբողջովին պետական միջոցներով հանրապետությունում իրականացվել է 501 կմ ճանապարհների ասֆալտապատում։
Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ հավելելով, որ բացի այդ իրականացվել է ևս 55 կմ ճանապարհի ներքին շերտի ասֆալտապատում, որի վերջին շերտի ասֆալտապատումը կիրականացվի այս գարնանը։
«Ընդ որում՝ մեր հայրենակիցներից շատերը հաճախ այդ ճանապարհներին երթևեկում են և չգիտեն, որ այն անավարտ է։ Ենթադրենք՝ երկու շերտը տեղադրված է, երրորդը՝ ոչ, բայց երկու շերտն արդեն լավ, երթևեկելի ճանապարհ է»,-նշել է Սանոսյանը։
Նրա տեղեկատվությամբ՝ ընդհանուր առմամբ, սուբվենցիոն ծրագրերի հետ մեկտեղ նախորդ տարի հանրապետությունում 800-803 կմ ճանապարհ է ասֆալտապատվել։
«Իհարկե, շատ մեծ ցուցանիշ է, բարդ է կառավարել և այդ ցուցանիշի առումով բերում է որոշ խնդիրներ։ Մյուս կողմից՝ շատ ուրախացնող է երկու առումով. նախ՝ այդքան ենթակառուցվածք է բարելավվել՝ իր բոլոր տնտեսական հետևանքներով, և երկրորդը՝ դա նշանակում է մեր երկրում այս ոլորտում մենք կարողացել ենք մասնավոր գործընկերների հետ աշխատանքի արդյունքում ձևավորել այնքան կարողություն, որ հայաստանյան շինարարական ընկերությունները կարողանան 800 կմ ճանապարհ ասֆալտապատել, ինչը բավականին լավ արդյունք է»,-ընդգծել է նախարարը։
Նրա խոսքով՝ հանրապետությունում, հատկապես Սյունիքում, եղել են ճանապարհներ, որոնք ամբողջովին նոր են կառուցվել: Տարիներ առաջ դժվար կլիներ պատկերացնել, որ որևէ հայկական ընկերություն՝ իր կարողություններով, մասնագիտական հնարավորությամբ ու տեխնիկայով ի զորու է նոր ճանապարհ կառուցել։
«Ես նկատի ունեմ, որ նոր ճանապարհների կառուցման ընթացքում բավականին փորձ, գիտելիք է կուտակվում և հիմա դա բերել է նրան, որ բարձր ստանդարտներ ունեցող Հյուսիս-հարավ ճանապարհի երկու հատված ունենք, որտեղ թեև շահող ընկերությունները հնդկական և իսպանական են, բայց հիմնական աշխատուժը և ընկերությունները, որ աշխատում են այդ հատվածներում, հայկական են»,-պարզաբանել է Սանոսյանը։
Ըստ նրա՝ ընթացիկ տարին վճռորոշ է Հյուսիս-հարավի՝ Քաջարան-Ագարակ հատվածի և Աշտարակ-Թալին ճանապարհատվածներում աշխատանքների համար։
Գերատեսչության ղեկավարի հավաստմամբ՝ մեծածավալ աշխատանքներ կիրականացվեն, որոնց արդյունքում դեպի Գյումրի, Թալին որոշ ճանապարհահատվածներ երթևեկելի կդառնան։