28/02/2024 10:24
32-ամյա կնոջ թխած տորթը չհասավ Վանաձորի կալանավայր (Տեսանյութ)
Ոստիկանության Լոռու մարզային վարչությունում ստացվել էին օպերատիվ տեղեկություններ, որ Վանաձորի Սովխոզ կոչվող թաղամասի մի բնակիչ ձեռք բերած թմրանյութը մտադիր է փոխանցել «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող ընկերոջը:
«Տեղեկությունը ստուգվեց, հաստատվեց, պարզվեց նաև, որ թմրանյութով տորթը թխելու է նույն թաղամասի մի բնակչուհի: Կոնկրետ գործողություները իրականացվեցին ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողների հետ:
Փետրվարի 23-ին, ժամը 11.40-ին, Վանաձորի Տիգրան Մեծի պողոտայի տարբեր հատվածներում, րոպեների տարբերությամբ, հայտնաբերվեցին, թմրամիջոց իրացնելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվեցին և Տարոնի բաժին տեղափոխվեցին 38, 24, 17 և 22 տարեկան տղամարդիկ: Քիչ ավելի ուշ հայտնաբերվեց նաև տորթը թխած 32-ամյա կինը: Նա հայտնեց, որ նախորդ օրը 38-ամյա տղամարդը, նախնական համաձայնությամբ, իրեն տվել է ապակյա շշով լուծույթ, որն օգտագործել է տորթը պատրաստելիս, և երեկոյան ժամը յոթին արդեն պատրաստի տորթը փոխանցել է նրան:
Ձերբակալությունների ընթացքում տորթը 17-ամյա պատանու ձեռքի փաթեթում էր: Ըստ հավաստի տեղեկությունների` փետրվարի 23-ին քրեակատարողական հիմնարկում պատիժի կրող տղամարդը զանգել էր պատանուն և հայտել, որ իրեն փոխանցի տորթը: Իսկ տորթը, ըստ պատանու, նրան տվել էր մի տղա:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Լոռու մարզային քննչական վարչություն:
Նշանակվել է փորձաքննություն: Ձերբակալվածների մասնակցության ձևն ու չափը, նաև դեպքի այլ հանգամանքներ նախաքննությամբ պարզվում են»,- ասվում է ՀՀ ոստիկանության տարածած հաղորդագրությունում։