28/02/2024 11:14
Չի կարելի բացառել, որ Ադրբեջանը կարող է գնալ որոշակի սադրանքների՝ ողջ պատասխանատվությունն ուղղելով դեպի Հայաստան. Տիգրան Աբրահամյան
Ադրբեջանը կեղծ արտահոսք է կազմակերպել առ այն, որ Հայաստանը Ֆրանսիայի ու արտատարածաշրջանային այլ ուժերի հետ Ադրբեջանի դեմ ագրեսիա է նախապատրաստում, այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
Նրա խոսքով՝ ադրբեջանական կողմը փորձում է պնդել, թե Հայաստանի այդ նախապատրաստությունն արտահայտվում է վերջին մեկ շաբաթվա ընթացքում հրադադարի ռեժիմի խախտումներով, որոնց մասին Ադրբեջանը կեղծ տեղեկություններ էր տարածել, ինչպես նաև սահմանային ուղղություններից մեկում հայկական ԱԹՍ-ի հետ կապված համապատասխան ինֆորմացիայի տարածմամբ։
«Իրականում, շատ ակնհայտ է, որ ադրբեջանական այս տեղեկությունները որևէ կապ չունեն իրականության հետ, բայց սա խնդրահարույց է մեկ այլ հանգամանքով, տպավորություն ունեմ, որ Ադրբեջանը գործողություններ իրականացնելու որոշակի նախապատրաստություն է տեսնում ու ի սկզբանե փորձում է որպես ագրեսոր ճանաչել Հայաստանին, որպեսզի հետագայում իր գործողությունները որակի կանխարգելիչ կամ զսպիչ»,- նշեց պատգամավորը։
Ըստ Աբրահամյանի՝ այս ամենը տեղի է ունենում մի փուլում, երբ բանակցային գործընթացում բավականին բարդ իրավիճակ է։
«Այս իրավիճակում չի կարելի բացառել, որ Ադրբեջանը կարող է գնալ որոշակի սադրանքների ու այդ ճանապարհին փորձելու է ողջ պատասխանատվությունն ուղղել Հայաստանի ուղղությամբ»,- նշեց նա։