28/02/2024 14:01
Որոշում կայացնելիս պետք է առաջնորդվել օրենքով, խղճով ու համոզմունքով, ոչ թե, որ ընկերն է խնդրել՝ առաջնորդվել ինչ-որ այլ շահերով. Դավիթ Բալայան
Ազգային ժողովը քննարկում է Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու ընտրելու հարցը. այդ պաշտոնում առաջադրվել է դատավոր Դավիթ Բալայանի թեկնածությունը։
Դավիթ Բալայանը հայտարարեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ շատ լավ քննարկում է ունեցել։
«Դուք՝ որպես պատգամավորներ, քվեարկում եք այս կամ այն օրենքն ընդունելու կամ մերժելու կապակցությամբ, հնարավոր է, որ դուք ունենաք ընկերներ, բարեկամներ, ովքեր ձեզ խնդրեն, որ որևէ դիրքորոշում արտահայտեք իրենց հաճո օրենքն ընդունելու կապակցությամբ, նույնը վերաբերում է նաև դատավորին։ Հնարավոր է, որ ձեր ու ձեզ դիմած անձի դիրքորոշումը համընկնի ու դուք քվեարկեք ձեր ընկերոջ խնդրանքով, բայց պատգամավորը, դատավորը որևէ որոշում կայացնելիս պետք է առաջնորդվի օրենքով, իր խղճով ու համոզմունքով, ոչ թե հաշվի նստի այն հանգամանքի հետ, որ իր ընկերը խնդրել է առաջնորդվել ինչ-որ այլ շահերով»,- ասաց դատավորը։
Բալայանը նշեց՝ եթե Ազգային ժողովն իրեն հավանության քվե տա, ապա պատրաստ է իր ողջ մասնագիտական գործունեության ընթացքում ձեռք բերած գիտելիքը, փորձառությունը ներդնել ՀՀ սահմանադրական կարգի հաստատմանը։