28/02/2024 16:42
«Անբարյացակամ պահվածքի ևս մեկ օրինակ». Զախարովան՝ Ալեն Սիմոնյանի մասին
Ռուսաստանը Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի՝ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահներին դուրս բերելու անհրաժեշտության մասին խոսքերը որպես անբարյացակամ պահվածքի օրինակ է գնահատում, այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Սա մենք համարում ենք պաշտոնական Երևանի ներկայացուցչի անբարյացակամ պահվածքի ևս մեկ օրինակ, թեև այնքան էլ պարզ չէ, թե որքանով է Ազգային ժողովի նախագահը պատասխանատու իր բարձրացրած թեմաների համար»,- ասել է դիվանագետը։
Հիշեցնենք՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը երեկ հայտարարել էր՝ ճիշտ կլինի, որ ռուս սահմանապահները «Զվարթնոց» օդանավակայանից դուրս գան։
«Ես վստահ չեմ, որ իրենք մեր երկրի սահմանները կպաշտպաեն, դուք վստա՞հ եք, մի քանի անգամ ապացուցվել է, որ չպաշտպանեցին, ամեն ինչ արեցին, որ սահմանները շատ ավելի խոցելի լինեն»,- ասել էր ԱԺ նախագահը։