29/02/2024 20:47
«Պետք է ակտիվորեն պայքարել»․ Վրաստանի խորհրդարանական մեծամասնությունը ԼԳԲՏ քարոզչության դեմ ուղղված օրինագիծ է մշակել
Իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը օրինագիծ է պատրաստում՝ պայքարելու համար կեղծ ազատական արժեքների, այդ թվում՝ ԼԳԲՏ քարոզչության դեմ, հայտարարել է խորհրդարանական մեծամասնության ղեկավար Մամուկա Մդինարաձեն։
«Միջազգային ուսումնասիրությունները հաստատում են, որ մի շարք երկրներում, որտեղ հատկապես ակտիվորեն տարածվում է կեղծ ազատական գաղափարախոսությունը, 18-ից 25 տարեկան երիտասարդների շրջանում ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցողների թիվը հասնում է մոտ 20%-ի, իսկ որոշ տեղերում՝ նույնիսկ ավելին»,- ասել է Մդինարաձեն՝ ճեպազրույցի ժամանակ։
«Վրաստանի խորհրդարանական մեծամասնությունը կարծում է, որ պետք է ակտիվորեն դիմակայել այդ քարոզչությանը և կիրառել օրենսդրական մեխանիզմներ։ Ըստ այդմ, մենք որոշել ենք օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ, որը կպաշտպանի հասարակությունը կեղծ ազատական գաղափարախոսությունից և դրա անխուսափելի վտանգավոր հետևանքներից»,- ասել է նա։