29/02/2024 12:50
Ադրբեջանի ղեկավարությունը կարող է լայնածավալ ներխուժում իրականացնել Հայաստան, որի սահմաններն արդեն խախտված են. Freedom House
Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է«Ազատությունն աշխարհում 2024» տարեկան զեկույցը, որտեղ նշվում է, որ 2023 թվականին աշխարհում ազատության ինդեքսը անկում է ապրել՝ նահանջ գրանցելով 18-րդ տարին անընդմեջ։
Զեկույցում՝ որպես համաշխարհային խաղաղության ինդեքսի անկման պատճառներից, ներկայացված են նաև Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ռազմական գործողությունները, Լաչինի միջանցքի շրջափակումը և տեղի հայերի արտաքսումը։
Ըստ զեկույցի՝ վիճելի տարածքների շուրջ զինված հակամարտությունները հանգեցրել են քաղաքական իրավունքների և ազատությունների անկմանը։ Օրինակ, ազատության ինդեքսի առումով մեկ տարվա ընթացքում կտրուկ անկում է գրանցվել Լեռնային Ղարաբաղում՝ կորցնելով 40 միավոր, և այն մասամբ ազատ խմբից տեղափոխվել է ոչ ազատ երկրների տարածքների խումբ։
Պատճառը՝ անցած տարվա սեպտեմբերին ադրբեջանական զինուժի հարձակումն էր, Լեռնային Ղարաբաղի անջատողական կառավարության կապիտուլյացիան ու տեղի հայ բնակչության փաստացի արտաքսումը։
«Freedom House»-ը հիշեցնում է, Բաքվի ռազմական հարձակումը տեղի ունեցավ Լաչինի միջանցքի իննամսյա արգելափակումից հետո, որը Լեռնային Ղարաբաղը արտաքին աշխարհին կապող միակ ցամաքային ճանապարհն էր։ Հետևանքն եղավ այն, որ տեղի բնակիչների համար լուրջ խնդիր դարձավ առաջին անհրաժեշտության ապրանքների՝ սննդի, բժշկական պարագաների և վառելիքի ձեռքբերումը։
Զեկույցը փոխանցում է, մոտ երեք տասնամյակ տեղի հայ բնակչությունը Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի միջև անլուծելի հակամարտության կենտրոնում էր։ 2020 թվականին Ռուսաստանի միջնորդած նոր զինադադարից հետո, որը կանգնեցրեց ադրբեջանական ռազմուժի առաջխաղացումը, իրավիճակը վերստին սկսեց փոխվել, երբ 2022 թվականին Ուկրաինա Կրեմլի լայնածավալ ներխուժման հետևանքով սահմանափակվեցին ռուս խաղաղապահների կարողությունները, իսկ ադրբեջանական ռազմուժը սկսեց դանդաղ սեղմել անկլավի շուրջ օղակը, և ի վերջո «ադրբեջանական ռեժիմի» ճանապարհին քիչ բան էր մնացել՝ հանգուցալուծելու տասնամյակներ տևած վեճը։
Լեռնային Ղարաբաղի դեմ ադրբեջանական զինուժի հարձակումը համընկավ Ադրբեջանում ավտորիտար համակարգի ամրապնդման և բռնաճնշումների հետ։
Ըստ «Freedom House»-ի, դեռ 1990-ականներից Ադրբեջանի կառավարությունն իրականացրել է խտրական քաղաքականություն հայերի նկատմամբ, հայ քաղաքացիներին և նրանց ժառանգներին արգելված է կամ սահմանափակված է մուտքը երկիր։
Զեկույցի համաձայն, Լեռնային Ղարաբաղի գրավումը նպաստել է Ադրբեջանում 2003 թվականից նախագահող Իլհամ Ալիևի ժողովրդականության աճին, ինչը մտավախություն է առաջացրել, թե Ադրբեջանի ղեկավարությունը կարող է նոր՝ լայնամասշտաբ ներխուժում իրականացնել Հայաստանի Հանրապետություն, որի «սահմաններն արդեն խախտված են»։
Զեկույցում նշվում է նաև, որ Լեռնային Ղարաբաղից փախստականների զանգվածային հոսքից հետո Հայաստանի կառավարությունը շարունակել է խզել հարաբերությունները Ռուսաստանի հետ, որի խաղաղապահ առաքելությունը քիչ բան արեց անցյալ սեպտեմբերին Ադրբեջանի հարձակումը կանխելու համար: Այն ավելացնում է, որ Երևանն աշխատում է նվազեցնել իր կախվածությունը Կրեմլից՝ դիվերսիֆիկացնելով իր ռազմական և արտաքին քաղաքականությունը և հավատարիմ մնալով ժողովրդավարական բարեփոխումներին: