29/02/2024 23:01
Աչքերի քրոնիկ հոգնածություն․ Ի՞նչ անեն համակարգչի առջև ժամեր շարունակ աշխատողները
Պատկերները ոչ հստակ տեսնելը, աչքերի հոգնածությունը և այլ խնդիրներ միշտ չէ, որ աչքի հիվանդությունների կամ վատ տեսողության հետևանք են: Հնարավոր է, որ առկա է աստենոպիա՝ աչքերի քրոնիկ հոգնածություն: Այս տերմինով ակնաբույժները բնորոշում են աչքերի հոգնածությունը, որն առաջանում է երկարատև և անդադար աշխատանքի հետևանքով: Աստենոպիայի նշանները մարդիկ հիմնականում զգում են գիրք կարդալիս, համակարգչի առջև աշխատելիս, երկար ժամանակ ղեկին լինելիս և այլն:
Այն տեսողական խնդիրները, որոնք պահանջում են բարձր կենտրոնացում, առաջացնում են աչքերի մկանների գերլարում և կծկում: Կոպերի, դեմքի, ծնոտի մկանները նույնպես ներառված են տեսողական գործընթացի մեջ և երբեմն առաջացնում են ցավ և անհարմարություն:
Մեծ դեր ունի նաև լուսավորությունը. աչքերը շատ շուտ են հոգնում թույլ լույսի տակ: Երբ մարդը լարված նայում է էկրանին, աչքերը քիչ է թարթում, այդ դեպքում աստենոպիան ուղեկցվում է նաև ակնագնդի չորությամբ:
Ընդհանուր առմամբ, աստենոպիայի ախտանշանները կարող են տարբերվել՝ կախված դրա առաջացման պատճառից, սակայն առավել հաճախ պատահող ախտանշաններն են՝
հոգնածություն,
աչքերում այրոց և ցավի զգացում,
չոր կամ արցունքոտ աչքեր,
գլխացավ, որն առաջանում է աչքերի հետ կապված որևէ աշխատանք իրականացնելիս,
աչքերը բաց պահելու դժվարություն,
պատկերի երկատվածություն,
գերզգայնություն լույսի նկատմամբ,
շաղված տեսողություն,
գլխապտույտ:
Այս ախտանշաններից շատերը կարող են նմանվել հեռատեսության, կարճատեսության կամ աստիգմատիզմի ախտանշաններին և իրական պատճառը հայտնաբերելու համար անհրաժեշտ է այցելել ակնաբույժի և անցնել աչքերի ընդհանուր հետազոտություն:
Աստենոպիայի բուժումը հիմնականում կախված է դրա պատճառներից և կարող է ներառել.
ակնոցի կրում,
կոնտակտային ոսպնյակների կրում,
լազերային միջամտության իրականացում,
աչքի կաթիլների օգտագործում:
Կան նաև աստենոպիայի մեղմացման այլ միջոցներ, որոնք կարող են իրականացվել տնային պայմաններում․
Մերսում․ Կոպերի և հոնքերի տակ իրականացվող շրջանաձև շարժումները (40 վայրկյան) ակտիվացնում են արյան շրջանառությունը և թուլացնում են մկանները:
Տաք ափ․ Շփեք ձեռքի ափերը և դրեք դրանք փակ կոպերին (կես րոպե):
Օգտագործեք սառը ջուր․ Սառը ջուրը հանում է աչքերի այտուցվածությունը, լարվածությունն ու հոգնածությունը, լավացնում է արյան շրջանառությունը:
Արևային լոգանք․ Էներգետիկ լիցքեր հնարավոր է ստանալ՝ դեմքը դեպի արևի ճառագայթներն ուղղելով: Այդ ընթացքում աչքերը պետք է փակված լինեն:
Վարժանքներ աչքի համար․ Դեպի հեռուն հառած հայացքը կամ մոտ դրված առարկային նայելը մարզում է աչքի մկանները:
Երիցուկի թեյով, կաթով, վարունգով թրջոցները նույնպես հանգստացնում են աչքերը:
Աստենոպիան, բարեբախտաբար, լուրջ խնդիր չէ և չի առաջացնում երկարատև տեսողական խնդիրներ: Պարզապես պետք է ավելի հետևողական լինել և շատ չծանրաբեռնել աչքերը, իսկ եթե դա անխուսափելի է, ապա աշխատել ընդմիջումներով:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն