29/02/2024 13:42
Ուսումնասիրություն է իրականացվում, որ բոլոր իրավական խնդիրներին պատասխան տրվեն. Արմեն Խաչատրյանը՝ Սյունիքում տեղակայված ՌԴ սահմանապահների մասին (Տեսանյութ)
Ուսումնասիրություն է իրականացվում, որ բոլոր իրավական խնդիրներին պատասխան տրվի, թե ով ինչ մանդատ ունի ու որտեղ, այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ խոսելով Սյունիքում տեղակայված ՌԴ սահմանապահների մասին։
Նա նշեց, որ Սյունիքում տեղակայված են ռուս սահմանապահները՝ լուծելու անվտանգային խնդիրները։
«2021 թվականին մեր առջև ծառացած անվտանգային խնդիրներից ելնելով՝ այո՛, շարժեր եղել են, նաև Գորիսում է տեղակայում եղել, որ պետք է ապահովեր նաև Արցախի խաղաղապահ զորքի անվտանգությունը»,- ասաց Խաչատրյանը։
Պատգամավորի խոսքով՝ ՊՆ-ն, ԱԱԾ-ն ու ԱԳՆ-ն են ուսումնասիրություն իրականացնում, թե ով ինչ պարտավորություն ունի ու որտեղ կարող են լինել։
Հիշեցնենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ Ազգային ժողովում հայտարարել էր, որ Ներքին Հանդում ռուս սահմանապահների ներկայության մանդատ և պայմանագիր գոյություն չունի։
Փաշինյանը նշել էր, թե «շատ իրադրություններ կան, որոնք ՀՀ-Ադրբեջան սահմանին գուցե սպոնտան են ձևավորվել՝ հայտնի իրադարձությունների բերումով»։
«Սա նշանակում է, որ ռուս սահմանապահները այնտեղ որևէ անվտանգային գործառույթ չեն կարող իրականացնել։ Ենթադրվում է, որ սրանից պետք է արվի համապատասխան ենթադրություն»,-ասել էր Փաշինյանը։
Ավելի վաղ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել էր, որ Ռուսաստանը չի կարողացել կանխել Ներքին Հանդում տեղի ունեցած միջադեպը։
«ԵՄ-ն այնտեղ հասանելիություն չունի, միայն Ռուսաստանն է ու չի կարողացել կանխել»,- ասել էր Գրիգորյանը։