29/02/2024 11:39
Վարչապետի աշխատակազմն այսօրվանից կտնօրինի «ՄՏՍ Հայաստան»-ի 20 տոկոս բաժնեմասի ճակատագիրը
Վարչապետի աշխատակազմն այսօրվանից կտնօրինի «ՄՏՍ Հայաստան» փակ բաժնետիրական ընկերության 20 տոկոս բաժնեմասի ճակատագիրը․ որոշում ընդունվեց կառավարության այսօրվա նիստում։
«Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ» ընկերությունը ցանկություն է հայտնել Հայաստանի Հանրապետությանը փոխանցել «ՄՏՍ Արմենիա» ՓԲԸ-ի 100 տոկոս բաժնետոմսերի 20 տոկոսին համարժեք՝ 110.000 հատ ընդհանուր թվով բաժնետոմսերը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՀՀ կառավարությունը շնորհակալությամբ է ընդունում նվիրատվությունը։
«Այս ռազմավարական ոլորտում Հայաստանի ժողովուրդը՝ ի դեմս կառավարության, ռազմավարական նշանակություն ունեցող կազմակերպությունում մասնակցություն ու ներկայություն ունենալու հնարավորություն ունի։ Սա ընկերություններում ժողովրդի ներկայության միակ ձևաչափը չէ, ու ես կարծում եմ, որ մենք պետք է մեր ընկերություններին խրախուսենք, որ քաղաքացիների ու բաժանորդների ներկայությունն ու մասնակցությունը ապահովեն ընկերությունների կառավարման գործում»,- ասաց նա։
Նիկոլ Փաշինյանը նշեց, թե կառավարությունն այդ նվիրատվությունն ընդունելով՝ ուղերձ է հղում այլ ընկերություններին։
Հիշեցնենք՝ ընկերությունը հունվարի 24-ին հայտարարել էր, որ տեղի է ունեցել սեփականատիրոջ փոփոխություն։ Ռուսական ընկերությունը վաճառվել է Կիպրոսում գրանցված «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ» ընկերությանը։ Սեփականատերերը եվրոպական ու ասիական ներդրողներ են: