29/02/2024 11:04
ԵԽ-ն կոչ է անում անհատական պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի ռազմաքաղական ղեկավարության դեմ
Եվրախորհրդարանն ընդունել է բանաձևեր, որոնցում ԵՄ-ին կոչ է անում անհապաղ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ և կասեցնել ռազմավարական էներգետիկ գործընկերության մասին փոխըմբռնման հուշագիրը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։
«Եվրախորհրդարանն ընդունեց արտաքին քաղաքականության և ԵՄ անվտանգության և պաշտպանության քաղաքականության վերաբերյալ 2 բանաձև, որոնցից յուրաքանչյուրում ԵՄ-ին կոչ է անում.
Անհապաղ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ և կասեցնել ռազմավարական էներգետիկ գործընկերության մասին փոխըմբռնման հուշագիրը:
Պատրաստ լինել թիրախավորված և անհատական պատժամիջոցներ սահմանելու Ադրբեջանի քաղաքական և ռազմական ղեկավարության դեմ, կասեցնել նավթի և գազի ներմուծումը Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի դեպքում:
Ամրապնդել Հայաստանում ԵՄ առաքելության մանդատը, ավելացնել դրա չափը, երկարացնել դրա ժամկետը և դիտորդներ տեղակայել Թուրքիայի հետ սահմանին։
Կասեցնել Ադրբեջանի հետ նոր գործընկերության համաձայնագրի շուրջ բանակցությունները», - գրել է նա։