29/02/2024 18:49
Ժաննա Անդրեասյանն ընդգծել է Բելառուսի հետ բարեկամական հարաբերությունների կարևորությունը
ԿԳՄՍՆ-ի տարածած հաղորդագրությունից տեղեկանում ենք․
«ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկին:
Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:
Մշակույթի ոլորտում համագործակցության խորացման նպատակով կողմերը քննարկել են Բելառուսի Հանրապետությունում այս տարվա ապրիլին Հայաստանի Հանրապետության մշակույթի օրեր անցկացնելուն առնչվող հարցեր:
Ողջունելով դեսպան Ալեքսանդր Կոնյուկին՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդգծել է Բելառուսի հետ բարեկամական հարաբերություններն ու հատկապես մշակույթի ոլորտում երկկողմ համագործակցությունը:
Հանդիպման ընթացքում ներկայացվել է Բելառուսի Հանրապետության մի քանի քաղաքներում ՀՀ մշակույթի օրերի անցկացման նախնական նախագիծը:
ՀՀ-ում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկն ընդգծել է՝ միջոցառումը շատ սպասված է բելառուսական կողմի համար: Նա վերահաստատել է Հայաստանի հարուստ մշակույթը բելառուս ժողովրդին հասանելի դարձնելու և այն լավագույնս ներկայացնելու հարցում իրենց պատրաստակամությունը:
Այցի ընթացքում նախատեսվում է նաև 2024-2027 թթ. մշակույթի ոլորտում համագործակցության ծրագրի ստորագրում՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Բելառուսի Հանրապետության մշակույթի նախարարության միջև:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր»: