29/02/2024 17:08
«Բաքվի համբերությունը հասել է վտանգավոր սահմանագծի». Ադրբեջանը սպառնում է ՀՀ-ին և ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությանը
Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ներքո գործող Caliber.Az կայքը սպառնում է ՀՀ-ին և ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությանը՝ զգուշացնելով, որ եթե Երասխում՝ Նախիջևանի սահմանի մոտ վերսկսեն մետալուրգիական գործարանի շինարարությունը» կհայտնվեն կրակի տակ, քանի որ «Բաքվի համբերությունը հասել է վտանգավոր սահմանագծի»։
Նշվում է, թե «առանց Ադրբեջանի հետ համաձայնեցնելու»՝ հինգ մեքենաներով Հայաստանի կողմից մետալուրգիական գործարան է այցելել Եվրամիության առաքելության (EUMA) խումբը՝ կազմակերպության դրոշով, ինչը կայքին հայտնի է դարձել։
Ըստ կայքի տեղեկությունների՝ եվրոպացի «հետախույզ-դիտորդները» փորձում են վերսկսել մետալուրգիական գործարանի շինարարությունը, որի համար արվել են արևմտյան ներդրումներ, ինչին Ադրբեջանը դեմ է։
«Այս ուղղությամբ իրավիճակի սրումը նույնպես տեղավորվում է Հարավային Կովկասում Արևմուտքի կործանարար գործողությունների սխեմայի մեջ։ Ակնկալվում է, որ EUMA-ն իր դրոշը կբարձրացնի ատոմակայանի վրա, որպեսզի Ադրբեջանի կողմից կրակ չլինի: Մենք նրանց անմիջապես զգուշացնում ենք՝ եթե այդ վտանգավոր օբյեկտը կառուցվի Ադրբեջանի սահմանին, այն կքանդվի ու կոչնչացվի՝ բոլոր նրանց հետ, ովքեր կլինեն դրա շրջագծում` հայ զինվորականներն ու եվրոպական նեոխաչակիրների հորդան, որոնք կլինեն մեր սահմաններին...Ադրբեջանի համբերությունը հասել է վտանգավոր սահմանագծի»,-նշվում է հրապարակման մեջ։