29/02/2024 13:52
Անկախության հռչակագրի չեղարկումով մենք ոչ թե փակուղի ենք գնում, այլ ծուղակ. Գևորգ Դանիելյան (Տեսանյութ)
Իշխանությունների փաստարկները, թե ընդունում ենք նոր Սահմանդրություն, որտեղ կարող ենք չներառել Անկախության հռչակագիրը, որովհետև դա վտանգավոր փաստաթուղթ է, որով իբրև թե տարածքային հավակնություններ են ամրագրված՝ ընդունելի չեն. «Անկախության հռչակագիրը պե՛տք է պահպանել» թեմայով հրավիրված համաժողովին հայտարարեց ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը։
Նա նկատեց, որ Վենետիկի հանձնաժողովը տարբեր նկատառումներ է ներկայացրել, բայց երբևէ Անկախության հռչակագրի հանդեպ որևէ նկատառում չի եղել։
«Եղել են առաջարկներ, օրինակ՝ առաջարկել են թույլատրել գրանցել ոչ ավանդական կողմնորոշում ունեցող անձանց ամուսնությունները, բայց հռչակագրի հանդեպ պահանջ երբեք չի եղել։ Թե ինչպես է հիմա իրավիճակը փոխվել՝ չեմ պատկերացնում»,- նշեց Դանիելյանը։
Նրա խոսքով՝ օրինակ, խոսվում է այն մասին, որ հռչակագիրը Ադրբեջանին հարձակվելու լեգիտիմ իրավունք է տալիս։ Նախկին նախարարը հարց է տալիս՝ իսկապե՞ս պաշտոնյաները չեն հասկանում, թե ինչ է լեգիտիմը, թե՞ պարզապես օգտագործում են գեղեցիկ տերմինը։ Այս առնչությամբ նա հիշեցրել է, որ անգամ տարածքային հավակնությունների առկայության դեպքում պատերազմը հանցագործություն է, միջազգային իրավունքը չի փոխվում։ «Խոսել «լեգիտիմ իրավունքի» մասին՝ նշանակում է անկախ հակառակորդի գործողությունների իրավաչափությունից՝ ճանաչել դրանք լեգիտիմ։ Այսինքն՝ մենք ոչ թե փակուղի ենք գնում, այլ հայտնվել ենք ծուղակում։ Փակուղուց դեռ ելք կա»,- նշել է Գևորգ Դանիելյանը։